ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին խոստացել է հեռացնել ծխողներին կուսակցությունից: Նա հավաստիացրել է, որ ՌԼԴԿ-ում ոչ ոք չի ծխում, իսկ «ով ծխի, կվտարենք»:
«Եւ ալկոհոլ ոչ ոք չի օգտագործում, եւ այլասերում չկա»,- ասել է նա Պետդումայի նիստում:
Նա հայտարարել է, թե ծխելը պետք է արգելել ամենուրեք, բացի սեփական բնակարանից եւ մեքենայից: Նա դա պատճառաբանել է սեփական փորձով` պատմելով, որ մանուկ հասակում ապրել է կոմունալ բնակարանում: «Հարեւանուհին բացում էր դուռը, որտեղ ես խաղում էի, փչում էր իր ծուխը: Այդ ժամանակ էլ, ուրիշի ծխից իմ առողջությունը խաթարվեց»,- պատմել է Ժիրինովսկին:
Նշենք, որ այսօր` փետրվարի 12-ին ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ քննարկում է հակածխախոտային օրինագիծը, որով արգելվում է ծխելը հանրային վայրերում: Նաեւ խանութներից կանհետանան ծխախոտները, այնտեղ կլինեն միայն ցուցակներ, թե ինչ կարելի է գնել:




























