Նախագահական ընտրարշավի այս փուլին գնահատական կտա հետընտրական փուլը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրա խոսքով` նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վարքագիծը կարելի է տարօրինակ համարել. «Նրա վարքագիծը տրամաբանության մեջ չի տեղավորվում, սակայն կարծում եմ նախագահական ընտրություններից հետո հնարավոր է շատ բան պարզ դառնա: Հնարավոր է, տրամաբանական բացատրություն կլինի, վստահ չեմ, բայց չեմ բացառում»:
Ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս է գնահատում Հայրիկյանի կողմից միասնական թեկնածուի առաջադրման մասին հայտարարությունը, չնայած նրան, որ թեկնածուները միմյանց վրա ցեխ են շպրտում, Քոչարյանն ասաց, որ սկզբում նման հայտարարությունը լուրջ չի համարել. «Երբ մի քանի ամիս առաջ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր միասնական թեկնածուի առաջադրման մասին, ես ասացի, որ հարգում եմ նրան, բայց դա ուտոպիա է: Իսկ հիմա, ընտրություններից մի քանի օր առաջ միասնական թեկնածուի մասին խոսելը լուրջ չէ»: Ինչ վերաբերում է ընտրողների արձագանքին, ապա քաղտեխնոլոգը նկատեց. «Ժողովուրդը պետք է ժամանակին մտածեր, երբ ընտրակաշառք էր վերցնում: Հիմա քաղում է ցանածի պտուղները»:





























