Հայ հեղափոխական դաշնակցությունը մի քանի ժամից հայտարարություն կանի նախագահական ընտրությունների վերաբերյալ եւ կուղղորդի իր ընտրազանգվածին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արսեն Համբարձումյանը: ԹԵ ինչ բովանդակություն կունենա հայտարարությունը եւ ինչ կոչ կանեն ընտրազանգվածին, ՀՅԴ ներկայացուցիչը չի «բացահայտում»` խորհուրդ տալով սպասել մի քանի ժամ:
Հարցին, թե ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, այդ թվում Gallup-ի, ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրելով ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն կորցրել են իրենց ընտրազանգվածը, նա պատասխանեց. «Մենք «Գելափին» պատվիրված հարցումներին լուրջ չենք վերաբերում: Մեր ընկերների հետ հավաքները, հադիպումները, ժողովները մեզ այդպիսի բան չեն հուշում»:
Հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել ընտրություններին, ակտիվանալու նշաններ ցույց են տալու, թե` ոչ, Արսեն Համբարձումյանը նշեց, որ ցանկացած քաղաքակիրթ ուժ` անկախ նրանից` նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցել է, թե չի մասնակցել, ընտրություններից հետո իր ռազմավարության մեջ որոշակի փոփոխություններ անելու անհրաժեշտություն է ունենալու, այդ թվում` նաեւ ՀՅԴ-ն:
«Քաղաքական կուսակցությունների մասնակցել-չմասնակցելով որեւէ բան չի կանխորոշվում, որովհետեւ մասնակցելն ինքնանպատակ չպետք է լինի: Նախագահական ընտրությունները այն յուրահատկությունն ունեն, որ եթե մասնակցում ես, պիտի մասնակցես հաղթելու համար, իսկ եթե մասնակցում ես քվեաթերթիկում լինելու համար, դա ազնիվ չէ, իսկ մենք չենք ուզում անազնիվ խաղերի մասնակցել: Այդ առումով ընտրությունները Հայաստանում ոչ թե ընտրություններ են, այլ միջոցառում: Մեր բոլոր քայլերը եւ միջոցառումները, որպեսզի ունենայինք ազատ, արդար ընտրություններ, չհաջողվեցին, չհաջողվեց նաեւ միասանակն ճակատի ձեւավորումը»,- նշեց Արսեն Համբարձումյանը:
Ի դեպ, լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` ՀՅԴ-ն, ամենայն հավանականությամբ, կմնա չեզոք եւ որեւէ թեկնածուի օգտին քվեարկելու կոչ չի անի:




























