Արաբ հաքերները արդեն մեկ շաբաթ է գրոհում են հայկական կայքերը, մասնավորապես «Արմինկո» ինտերնետ պրովայդերական ընկերության սերվերներում գործող կայքերը: Այս կապակցությամբ այսօր ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) կազմակերպել էր տեղեկատվական անվտանգությանը նվիրված սեմինար: Կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, այսօր տեղեկատվական պատերազմ է ընթանում կիբեր-ցանցերում, որի միակ դրական կողմն այն է, որ այդ պատերազմում զոհերը ոչ թե մարդիկ են, այլ համակարգիչներն ու կայքէջերը: Նա նաեւ ընդգծեց, որ տեղեկատվական անվտանգությունն անմիջականորեն կապված է ազգային անվտանգության հետ, քանի որ եթե արտասահմանյան հաքերներին հաջողվում է ջարդել սերվերները, որտեղ գործում են կառավարական կայքերը, բանկերի ու այլ պետական կառույցների տվյալների բազան, ողջ պետական գրագրությունն ու կառավարական փոստը, դրանով նրանց ձեռքն է անցնում պետության դեմ ուղղված ուժեղ զենք:
Ռ. Կիրակոսյանի ներկայացմամբ, այն փաստը, որ անցած շաբաթ տեղի ունեցան բազմաթիվ կիբեր-գրոհներ հայկական կայքերի վրա, դեռ չի նշանակում, որ մենք թույլ ենք, քանի որ որոշ դեպքերում պետությունը դիտավորյալ այդ գրոհները ետ չի մղել, որպեսզի պարզի դրանց աղբյուրը:
Ազգային անվտանգությանը վերաբերող հաջորդ կարեւոր ասպեկտը, ըստ Կիրակոսյանի, դա ինտերնետի նկատմամբ վերահսկողությունն է, որը մեր իշխանություններն աչքաթող են արել:
Հիշեցնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում, լուրեր էին տարածվել, որ թուրքական կողմը ցանկություն է հայտնել, որպեսզի «Թուրքսելլ»-ը մտնի հայկական շուկա, փորձագետը նշեց. «Ինչպե՞ս կարձագանքի Հայաստանը, եթե թուրքերը փորձեն մասնակիորեն վերահսկել ինտերնետի ոլորտը»: Նա նաեւ ընդգծեց, որ եթե ՀՀ-ում ինչ-որ չափով տեղեկատվական անվտանգությունն ապահովվում է, ապա Ղարաբաղում դրա մասին ոչ ոք չի մտածում:
Ռ. Կիրակոսյանի խոսքով, այսօր տեղեկատվական անվտանգության տեսանկյունից Հայաստանն ավելի լավ դիրքեր է գրավում, քան Ադրբեջանը: Այդուհանդերձ, այդ ուղղությամբ ՌԱՀՀԿ-ն նախնական ծրագիր է մշակել ու պատրաստվում է այն ներկայացնել ՀՀ իշխանություններին, մասնավորապես ՊՆ-ին, Ազգային անվտանգության խորհրդին եւ երկրի նախագահին:




























