2013 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության հարկն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատվում բիզնեսի կողմից: Սակայն շրջանառության հարկով հարկման ենթակա բիզնեսի տեսակարար կշիռը մեծ չէ, քանի որ առկա են բազմաթիվ սահմանափակումներ: Արդեն իսկ հնչում են բազմաթիվ առաջարկներ՝ զգալի ընդլայնել շրջանառության հարկով հարկման ենթակա սուբյեկտների թիվը; Այդպիսի մի առաջարկ էլ ՀՀ կառավարությանը ներկայացրել է վանաձորցի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա առաջարկի իմաստը հետեւյալն է՝ հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող ոչ մեծ (մինչեւ 58.5 մլն դրամ տարեկան շրջանառությամբ) կազմակերպությունները ներառել շրջանառության հարկի դաշտ:
Ըստ Է. Մարուքյանի՝ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունները այնպիսի գործունեությամբ են զբաղվում, որ գրեթե ավելացված արժեքի հարկի հաշվանցումներ չեն ունենում (կոմունալ եւ կապի հաշիվները ինքնարժեքի մեջ չնչին են):
Թեեւ առաջարկությունը բավականաչափ հիմնավորված է, կառավարությունը բացասական եզրակացություն է պատրաստել, որը հաստատվեց փետրվարի 21-ի նիստում; Ըստ այդ եզրակացության՝ շրջանառության հարկի ներդրման նպատակը եղել է ոչ թե հարկային չարաշահումները կանխելը, այլ հարկման պարզ ընթացակարգերի ներդրումը այն տնտեսավարող սուբյեկտների համար, որոնք չունեն հարկերը ինքնուրույն հաշվարկելու բավարար կարողություն:
Կառավարության եզրակացությունը հիմնավոր կարելի էր համարել, եթե մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններով կառավարությունը իսկական խառնաշփոթ չմտցներ հարկային դաշտում: Կառավարությունը ոլորտների նկատմամբ հավասարաչափ մոտեցում չի ցուցաբերում՝ միաժամանակ կիրառելով շրջանառության հարկը, հաստատագրված հարկը եւ արտոնագրային վճարը: Ընդ որում՝ վերջին երկուսն ունեն նույն բովանդակությունը, սակայն տարբեր անուններ: Ճիշտ կլինի, եթե այս խառնաշփոթը վերացվեր: Պետք է սահմանել միասնական չափանիշներ՝ ոլորտների նկատմամբ խտրական վերաբերմունքը վերացնելու համար :
Պատրաստեց՝ Սամվել Ավագյանը




























