Բեռլինում հազարավոր բողոքավորներ հարկադրել են կառուցապատողին առնվազն երկու շաբաթով հրաժարվել Բեռլինի պատի` նկարիչների կողմից նկարազարդված կտորների ապամոնտաժման գաղափարից:

Նախատեսվում էր պատից հանել 22 մետր ընդհանուր երկարությամբ 19 կտոր, եւ հանգստյան օրերին 5-6 հազար մարդ դուրս էր եկել բողոքելու: Արդյունքում կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Ուվե Հինկելը հայտարարել է, թե ապամոնտաժման աշխատանքները դադարեցվել են: Շինարարական կռունկը, որ հանել էր առաջին կտորը, հեռացել է շինհրապարակից:

Օբյեկտի հետագա ճակատագիրը որոշվելու է մարտի 18-ի նիստում: Կառուցապատողը հայտարարել է, թե պատրաստ է փոխել պլանը, բայց դրա համար անհրաժեշտ է ստանալ հարեւան շենքի շինարարի եւ քաղաքային իշխանությունների թույլտվությունը:

Նշենք, որ Պատի կտորը խանգարում էր մասնավոր ներդրողներին Շպրեե գետի ափին ճանապարհ կառուցելու գործին: Առաջինը կտորը հանվել էր East Side Gallery-ից մարտի 1-ին, քաղաքացիների բուռն բողոքի ուղեկցությամբ: