Հայաստանում, ինչպես եւ աշխարհի շատ այլ երկրներում, այսօր` մարտի 8-ին նշում են կանանց միջազգային օրը։
Ամեն ինչ սկսվեց 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլագործները երթով անցան քաղաքի փողոցներով` բողոքելով ցածր աշխատավարձերից եւ աշխատանքի վատ պայմաններից: Հենց այդ իրադարձությունն է ընկած տարիներ անց նշվելիք կանանց տոնի հիմքում: Դեռեւս Հին Հռոմում տոնը կոչվում էր «ազատ ծնված կանանց տոն»: 1908 թ-ին, արդեն 1857թ. «դատարկ կաթսայի երթին» մասնակցած կանանց թոռները նույն օրը պահանջեցին երեխաների աշխատանքի արգելք, աշխատանքի պայմանների բարելավում եւ կանանց ձայնի իրավունքի տրամադրում: Հաջորդ օրն Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հայտարարեց կանանց ազգային օր: 1910 թ-ին Կոպենհագենում, կանանց միջազգային համաժողովի ժամանակ Կլարա Ցետկինն առաջարկել է Կանանց միջազգային օրը նշել մարտի 8-ին` ի հիշատակ նյույորքյան իրադարձության: Ռուսաստանում այդ օրը նշվում է 1913թ-ից: Խորհրդային Միությունում մարտի 8 -ը համարվել է ոչ աշխատանքային 1965թ-ին:
Հայաստանի անկախության առաջին տարիներին տոնը համարվեց «սովետական» եւ փորձ արվեց չեղյալ համարել ու դրա փոխարեն սկսվեց նշվել ապրիլի 7-ը` որպես Մայրության եւ գեղեցկության օր: Սակայն մարտի 8-ին կանանց ծաղիկներ եւ նվերներ տալու ավանդույթը ավելի ուժեղ գտնվեց եւ նշվեց մինչեւ այն ժամանակ, երբ Հայաստանի խորհրդարանը 2001 թվականին «վերակենդանացրեց» տոնը։ Այդ օրը կրկին ոչ աշխատանքային հռչակվեց։
NEWS.am-ի խմբագրակազմը տոնի կապակցությամբ շնորհավորում է բոլոր կանանց, մաղթում երջանկություն, սեր եւ հաջողություններ: Շնորհավոր մարտի 8։




























