Ղազախստանի համար` որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, ԼՂ խնդրի կարգավորումը կարող է նպատակ դառնալ: Trend News-ում նշել է ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիկ Աբասովը: Նրա խոսքով, դա համապատասխանում է Աստանայի քաղաքական հավակնություններին, որը հավասար հարաբերություններ ունի հակամարտող կողմերի հետ։ Երկրորդ. այդ երկիրը տարածաշրջանային երկիր է եւ շատ ավելի հիմքեր ունի միջնորդական գործունեություն ծավալելու, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որովհետեւ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան զբաղված են գործընթացը ձգելով` իրենց ոչ հասարակ հարաբերությունների համատեքստում, եւ ԼՂ խնդիրը նրանց համար միայն միջոց է, ոչ ավելին",- հայտարարել է նա:

Քաղաքագետի ներկայացմամբ, միջնորդական փորձը, եռանախագահների կառույցը գեղեցիկ սարքված ֆիկցիա է եւ ավելի լավ է այդ գործը վստահել նրան, ով չի հասցրել առաջադիմել ներկուլիսային խարդավանքներում:

Իսկ ահա ղազախ փորձագետ, Ռիսկերի գնահատման խմբի տնօրեն Դոսիմ Սատլաեւը նշել է, որ Ղազախստանը որոշակի ուժեղ դիրքեր ունի ԱՊՀ-ում, քանի որ սերտ կապեր է պահպանում ԱՊՀ անդամ բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Նրա խոսքով, Ղազախստանը շատ հարմար է միջնորդի դերում, քանի որ ունի որոշակի չեզոք դիրքորոշում, եւ հարց է առաջանում, թե որքանով են Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ դրան: «ԼՂ խնդրով զբաղվում է ավելի ներկայացուցչական խումբ` ԵԱՀԿ Մինսկի խումբը, ուստի ես կարծում եմ, որ դժվար թե Ղազախստանը կարողանա մեկ տարում ինչ-որ առաջընթաց արձանագրել եւ խնդրի կարգավորումը մեռյալ կետից շարժել»,- ասել է Սատլաեւն ու հավելել, որ մյուս կողմից Ղազախստանը չի ցանկանում իր հարաբերությունները փչացնել ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հետ:

Իսկ Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մայքլ Էմերսոնը բոլորովին այլ կարծիք է հայտնել՝ նշելով. «Ես կասկածում եմ Ղազախստանի հաջողությանը ԼՂ խնդրում որպես միջնորդ հանդես գալու հարցում եւ վստահ չեմ, որ ԵԱՀԿ-ում նախագահությունը կարող է օգնել նրան այդ հարցում»: