Շուկայական տնտեսության անցնելուց հետո  դոլարի «փոքրիկ գետակն» աստիճանաբար վերածվեց հզոր հոսքի` գրավելով մեր տնտեսությունը: Կառավարության կողմից  երկրի դրամային շրջանառության մեջ դոլարի տեսակարար կշռի նվազմանն ուղղված մի շարք արդյունավետ քայլերի ձեռնարկումից հետո  դրամը դարձավ ներքին շուկայում գործառնությունների միակ օրինական միջոցը:  Սակայն մեր հայրենակիցների շրջանում շարունակվում է բուռն սերը «կանաչ» թղթադրամների նկատմամբ:

Ընթացիկ տարվա հունվարին ֆիզիկական անձանց համար ավանդների տոկոսները տարեկան կտրվածքով արտարժույթի դեպքում կազմել է 5,9%, իսկ ահա դրամի դեպքում` 10,8%: Կարծես թե ավանդատուների համար ընտրությունը միանշանակ է, սակայն իրականության մեջ ամեն ինչ այլ կերպ է տեղի ունենում:

Կենտրոնական բանկի կողմից վերջերս հրապարակված տեղեկատվության համաձայն, տարվա ընթացքում ռեզիդենտների` արտարժույթով ավանդների հարաբերակցությունը փողի զանգվածի նկատմամբ երկրում 43,7%-ից հասել է 46,1%-ի: Բացի այդ, արտարժույթով ավանդների գումարն ընդհանուր ավանդների գումարի նկատմամբ նույնպես ավելացել է` 61,7%-ից հասնելով  61,8%:

Պատկերը մի փոքր հակասական է: Տարվա ընթացքում նկատվել է բնակչության խնայողությունների տոկոսային հարաբերակցությամբ աճ հայրենական արժույթի ուղղությամբ: Սրա հետ միաժամանակ, Հայաստանի ռեզիդենտների արտարժույթով խնայողությունների մասը բավականին բարձր է մնում, հատկապես «շտապ» ավանդների դեպքում:

  

Գծապատկերից ակնհայտ է բնակչության դոլարային եւ դրամային խնայողությունների հարաբերակցությունը: Ստացվում է, որ ավանդատուները նախապատվությունը տալիս են արտարժույթին` դոլարի տեսքով...

«Դոլարիզացիայի» ամենաինտրիգող պահն այն է, որ առեւտրային բանկերը որոշել են ուղղակիորեն խթանել իրավաբանական անձանց կողմից ...արտարժույթով ավանդները: Այսպես, եթե անցած տարեվերջին տարեկան կտրվածքով արտարժույթի միջին տոկոսադրույքը իրավաբանական անձանց հանմար կազմում էր 6,9%, ապա հունվարին` մինչեւ 9,5%:

Իրական հատվածում ռեզիդենտներին տրված վարկերի ընդհանուր ծավալում արտարժույթի մասն  անցած տարվա հունվարին կազմել է  61,1%, այս տարվա հունվարի 64,4%-ի դիմաց:

Ամփոփելով, մեկ այլ ուշագրավ փաստ եւս ներկայացնենք: Պարզվում է,  մեկ ամսվա ընթացքում (անցած տարվա դեկտեմբերից մինչեւ այս տարվա հունվար) սպառողական վարկերի տարեկան տոկոսադրույքները  20,1% -ից դարձել են  20,4%: Իսկ ահա «դոլարային» վարկերի մասով նվազում է  արձանագրվել` 17,0% -ից հասնելով 16,7%-ի:

Սա ամենեւին էլ սեզոնային երեւույթ չէ: Օրինակ, անցած տարի նույն ժամանակահատվածում եւս նույն դոլարային սպառողական վարկերի մասով հակառակ պատկերն էր արձանագրվել` 16,6%-ից աճելով 18,0%-ի: Ստացվում է, որ  տարեսկզբին արտոնություններ են նկատվում դոլարով գործառնություններ իրականացնող քաղաքացիների համար:

Ահա այսպիսի «պայքար» է ծավալվել դոլարիզացիայի նկատմամբ այս տարի...

Ալբերտ Խաչատրյան