«Երկրապահ» կամավորականների միության 8-րդ համագումարում քիչ առաջ կազմակերպության նախագահ է վերընտրվել գեներալ Մանվել Գրիգորյանը: Համագումարն ընտրել է նաեւ նոր վարչություն, որում գործնականում բացակայում են 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմությանը աջակցող ազատամարտիկները: Մասնավորապես՝ ԵԿՄ վարչությունը փոխնախագահներ է ընտրել Արա Կետիկյանին, Խաչիկ Մկրտչյանին եւ Միքայել Բաբայանին: Իսկ նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանին ընդհանրապես չէին հրավիրել համագումարին: Համագումարին ընդդիմությունից ներկա չէին նաեւ Գագիկ Ջհանգիրյանը, Սմբատ Այվազյանը եւ ուրիշներ: Հայ ազգային կոնգրեսից ներկա էին միայն «Հանրապետություն» կոսւակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, վերջերս ազատ արձակված Մկրտիչ Սափեյանն ու «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանը:
Իր ելույթում Մանվել Գրիգորյանը համախմբման կոչեր է արել՝ նշելով, որ «բոլորը պետք է հասկանան, թե հայը զիջելու այլեւս ոչինչ չունի»: Ըստ Գրիգորյանի՝ «Արցախի ազատագրման պայքարի առաջին օրվանից Երկրապահը եղել է առաջին շարքերում, եւ մեր եղբայրների ու ընկերների արյամբ պահպանել է մեր երկրի անկախությունը»: ԵԿՄ նախագահը բնականաբար մոռացել է հայտնել, թե որտեղ էր ԵԿՄ-ն 2008թ. մարտի 1-ին:




























