NEWS.am-ը ներկայացնում է  «European Voice»-ում հրապարակված Ջենիֆեր Ռանկինի հոդվածը որոշակի կրճատումներով.

Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի  9-ին: Եթե արարողությունը տեղի ունենա այնպես, ինչպես նախկինում, պրոֆեսիոնալ քաղաքական գործիչը կերդվի ձեռքը դնելով 18-ամյա Սահմանադրության  եւ 1400-ամյա Աստվածաշնչի վրա` ստանձնելով նախագահության ժամկետը  մինչեւ  2018թ-ը:

Արարողությունը համերաշխություն է խորհրդանշում, սակայն Սարգսյանի հաղթանակի վերաբերյալ  մնում են անհասկանալի հարցեր: Սարգսյանի հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանը  բազմահազարանոց ամբոխ է հավաքում` շրջելով երկրում եւ պնդելով, որ իրական հաղթողն ինքն է:

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության զեկույցը, որը եւս ի հայտ կգա ապրիլին, ակնկալվում է, որ անհարմար է լինելու նախագահի համար: Սակայն դա շատ ավելի քիչ անհանգիստ իրավիճակ է, քան Սարգսյանի նախագահության առաջին օրերը` 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո:

«Վերջին հինգ տարիները եղել են վերականգնման տարիներ: Այս անգամ նա մաքուր էջից սկսելու հնարավորություն ունի»,-ասում է պատմաբան եւ քաղաքացիական ակտիվիստ Հայկակ Արշամյանը:

Այդուհանդերձ, 58-ամյա Սարգսյանի առջեւ հսկայական խնդիրներ են դրված` այդ աղքատ, դեպի ծով ելք չունեցող երկրի արդիականացման առումով, որտեղ բնակչության մեկ երրորդն աղքատ է եւ տնտեսական զարգացումն էլ խեղդվում է, քանի որ բաց է  միայն  երկու սահման` Վրաստանի եւ Իրանի հետ:

«Շատերը պարզապես հիասթափված են նրա տնտեսական քաղաքականությունից: Կա շատ մեծ դժգոհություն` 250 հազ. մարդ լքել է երկիրը Սերժ Սարգսյանի նախագահություն  օրոք»,-ասում է «Transparency International» հայաստանյան գրասենյակի տնօրեն Վարուժան Օկտանյանը:

1994թ. ղարաբաղյան պատերազմում վերջնական հաղթանակն ամրապնդեց երկրի քաղաքական կյանքում ղարաբաղյան խմբավորման դիրքերը, եւ առաջնային անձինք Սերժ Սարգսյանը եւ Հայաստանի երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էին:

Շատերն ակնկալում էին, որ Սարգսյանը, ով Քոչարյանի նախագահության  շրջանում զբաղեցրել  էր պաշտպանության նախարարի եւ վարչապետի պաշտոնները, ամեն ինչում կընդօրինակի իր նախորդին: Սակայն  նա հրաժարվեց իր ռուսամետ ընկերոջ «զիլ տղայի» մոտեցումից, ինչպես այդ մասին նշում է Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը: «Սարգսյանը հանդիպում է ընդդիմության հետ, նա փորձում է առավել հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել, նա ժեստեր է արել ՆԱՏՕ-ի ուղղությամբ,  նա Վրաստանի նախագահին մեդալ է շնորհել 2009 թ-ին: Դա կանխամտածված ազդանշան էր Ռուսաստանին` «մենք ձեր ռազմավարը չենք»: Նա ավելի  պրագմատիկ է, քան հնարավոր է ենթադրել»,-ասում է դե Վաալը:

Վերլուծաբաններն սպասում են, որ Սարգսյանն ստիպված կլինի խոսել ընդդիմության հետ` երկրորդ ժամկետում հաջողության հասնելու, հասարակության դժգոհությանն արձագանքնելու իր սահմանափակ  հնարավորությունները մեծացնելու համար: «Եթե համեմատենք 2008թ. Հայաստանը 2013թ. Հայաստանի հետ, ապա ԶԼՄ-ները բավականին ազատ են: Ավելի շատ երիտասարդներ կան կառավարությունում: Սարգսյանը տարեց տարի ավելի հակասական ֆիգուր է դառնում»-ասում է Արշամյանը: