Եվրոպայում թմրաբիզնեսի շուկայի 90 տոկոսը վերահսկում են թուրքերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարազրույցում տեղեկացրեց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը՝ նշելով, որ ՄԱԿ-ի տվյալների համաձայն, 2009 թվականին Եվրոպայում 110 տոննա հերոին եւ այլ տեսակի թմրանյութ է սպառվել, որի 85 տոկոսը ներկրվել է Թուրքիայի տարածքով։ «Թուրքիայի վարչապետ Էրդողանը հաճախ քրդերին է մեղադրում թմրաբիզնեսով զբաղվելու համար, սակայն իրականությունն այլ բան է փաստում։ Եվրոպայում հենց ազգությամբ թուրքերն են զբաղվում թմրանյութի իրացմամբ, գրեթե ամբողջ նարկոբիզնեսը գտնվում է հենց թուրք էմիգրանտների ձեռքում»,- նշեց փորձագետը՝ ավելացնելով, որ Թուրքիայի վարչապետը հաճախ է թմրանյութի բիզնեսով զբաղվելու մեջ մեղադրում քրդերին, բայց դա միայն պատճառ է, որպեսզի նաեւ այդ հանգամանքով միջազգային հանրության առջեւ արդարացնի թուրքական բանակի հաճախակի պատժիչ գործողությունները քրդերի հանդեպ։

Ըստ Հովսեփյանի՝ Թուրքիան թմրանյութ արտադրող ավանդական երկիր է եղել մինչեւ նախորդ դարի կեսերը, սակայն աշխարհիկացմանը զուգընթաց այդ երկիրը թմրաբիզնեսի համար դարձել է նարկոթրաֆիկի հիմնական կապող օղակը Ասիայի եւ Եվրոպայի համար։

Փորձագետի խոսքով՝ թուրքական նարկոբիզնեսը այդ երկրում հսկայական ազդեցություն ունի։ «Լրագրողական հետաքննություններ են եղել Եվրոպայում թմրաբիզնեսի եւ այն վերահսկող կազմակերպությունների մասին։ Դրանց արդյունքում պարզվել է, որ հերոինի գրեթե ողջ շրջանառությունը վերահսկում են թուրքերը, ու նաեւ թուրքական ազգայնական ուժերը՝ մասնավորապես „Գորշ գայլեր“ կազմակերպությունը»,- նշեց Հովսեփյանը՝ ավելացնելով, որ «Գորշ գայլերը» կապված են Թուրքիայի այսօրվա ազդեցիկ շատ քաղաքական գործիչների հետ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ոստիկանությունը վերջերս ձերբակալել էր Ստամբուլ անօրինական 50 կգ թմրանյութ տեղափոխող 11 հոգանոց հանցավոր խմբի, որի մեջ է եղել նաեւ վարչապետ Էրդողանի եղբորորդին՝ Մեհմեդ Էրդողանը։