«Գործընկերություն՝ հանուն շարժունության» ծրագրի շրջանակներում փետրվարի 16-ին Վրաստանում կայացել է հանդիպում Եվրամիության պատվիրակության հետ, որի այցելության նպատակը Թբիլիսիի հետ համագործակցության սկիզբ դնելն է։
Հանդիպմանը վրացական կողմը ներկայացրել է երկրում արտագաղթի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն։ Կողմերը քննարկել են հռչակագրի ստորագրման նախաձեռնությունը, ինչպես նաեւ ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Վրաստանի եվրաինտեգրացիայի հարցերով պետնախարար Թամարա Բերուչաշվիլին լրագրողներին հայտնել է, որ այս նախաձեռնության շրջանակներում իրականցվելիք համագործակցությունը կնպաստի եվրոպական երկրներում Վրաստանի քաղաքացիների օրինական աշխատանք ունենալուն։ Նրա խոսքով, այս համակարգը Վրաստանի քաղաքացիներին թույլ կտա որոշ ժամանակ օրինական աշխատել, սովորել եւ վերապատրաստվել Եվրամիության երկրներում, այնուհետեւ վերադառնալ հայրենիք։
Բերուչաշվիլին նաեւ նշել է, որ «Գործընկերություն՝ հանուն շարժունության» ծրագրի շրջանակում Եվրամիության հետ ակտիվ համագործակցությունը կարեւոր քայլ է՝ ուղղված հետագայում Եվրամիության երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացմանը։




























