Ուկրաինայի նախագահական ընտրությունների նախնական տվյալներով հաղթանակած Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության օրը պետք է լինի մինչեւ մարտի 14-ը: Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինն առաջարկել է, որ երդմնակալությունը նշանակվի փետրվարի 25-ին, որի կապակցությամբ, սակայն, դեռ որոշում չի ընդունվել:
Թե ինչպես կարող է Վիկտոր Յանուկովիչի ընտրությունը ազդել Հարավային Կովկասում վարվող քաղաքականության վրա, NEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանից:
«Արդեն անընդհատ խոսվում է ՎՈՒԱՄ կոչվող կազմակերպության ապագայի մասին: Ռուսական կողմը պարբերաբար Ադրբեջանին խորհուրդ է տալիս դուրս գալ այդ կառույցից, ասելով, թե միեւնույնն է, շուտով Յանուկովիչը դուրս կբերի Ուկրաինան այդ կառույցից»,- ասաց նա: Հիշեցնենք, որ ՎՈՒԱՄ-ն ունի հակառուսական ուղղվածություն, որի կազմում են Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանն ու Մոլդովան:
«Եթե փոխվում է Ուկրաինայի քաղաքականությունը, դա անմիջապես ազդում է նաեւ մեր տարածաշրջանում առկա կոնֆիգուրացիայի վրա: Հակառուսական, արեւմտամետ այդ գոտին, որը ստեղծվել էր Ռուսաստանի շուրջ եւ մի պահ շատ նկատելի էր, հիմա արդեն լղոզվեց եւ իր իմաստը սկսեց կորցնել»,- կարծիք հայտնեց Մ. Սարգսյանն ու հավելեց. «Առաջինը ԱՄՆ-ը հրաժարվեց այդ գոտուց եւ անմիջապես Ռուսաստանի հետ սկսեց հարցեր լուծել: Երկրորդ. Այդ գոտին կազմող երկրներից Ուկրաինան պոկվեց»:
Փորձագետի համոզմամբ, Յանուկովիչի ընտրությունով Ռուսաստանը կփոխի իր վերաբերմունքը նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններում, քանի որ այլեւս այդքան մեծ չէ իր համար թուրքական գործոնը: «Ուկրաինայի դերը փոխելը շատ մեծ ազդեցություն է թողնում ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Թուրքիայի ե՛ւ ողջ տարածաշրջանի վրա: Եթե Ուկրաինան էական խնդիրներ չունենա Ռուսաստանի հետ, վերջինս շատ ավելի մատ թափ կտա Թուրքիայի վրա եւ արդեն թափ տվեց, երբ հայտարարեց, որ իր համար անընդունելի է, որ Թուրքիան կարող է քննարկել իր տարածքում ամերիկյան հակահրթիռային համակարգեր տեղակայելու հարցը: Մինչ այդ ավելի մեղմ էր Մոսկվան խոսում Անկարայի հետ»,- ասաց նա:




























