Ղազախստանի, որպես ԵԱՀԿ նախագահող երկրի, ձգտումը ակտիվացնել իր դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում չի կարելի դիտարկել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբին փոխարինելու Աստանայի մտադրություն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել արեւելագետ, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի՝ Ղազախստանի ԱԳՆ ղեկավարը կարող է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նպաստելու հայտարարություն անել, բայց դա չի նշանակում, որ բանակցություններում կարող է փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբին:

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը իր ենթադրություններում այդքան կտրուկ չէր: Լեռնային Ղարաբաղի բանակցություններում ղազախական առաքելության հաջողությունը պայմանավորված է նրանով, թե որքան հավասարակշռված կպահի իրեն Աստանան, նկատեց նա: «Ղազախստանն այսօր հայտարարում է, որ լավ ծանոթ է ղարաբաղյան խնդրին, բայց դա պետք է ապացուցի գործով: Եթե նա հավասարակշռված եւ արդյունավետ առաջարկություններ է մշակել, հնարավոր է, որ միջնորդ դառնալու նրա նկրտումները կարող են հաջողությամբ պսակվել»,- նկատել է փորձագետը: