«Մյուս գեներալները պարտավոր էին հրաման կատարելու, չանեին ավելի վատ կլիներ իրենց համար: Էս երկրում մենակ ես եմ խելառ եղել, որ հրաման չեմ կատարել: Մնացածը պարտավոր էին կատարել»,- փետրվարի 16-ին ԵԿՄ 8-րդ համագումարից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Երկրապահ» կամավորականների միության նորընտիր նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ 2008թ. մարտի 1-ից շուրջ երկու տարի անց մեկնաբանելով ողբերգական այդ դեպքերին իր մասնակցությունը:
«Երբ Ռոբերտ Քոչարյանը ինձ կանչել է, ես չեմ գնացել եւ դիմում եմ գրել, որ ինձ ազատեն աշխատանքից: Ես չգիտեմ ինչ հրաման է եղել, ներկա չեմ եղել, չգիտեմ: Հնարավոր է կանչել էր մեդալ տալու»,- ասել է գեներալը, իսկ հարցին, թե ինչո՞ւ «Երկրապահը» չմիջամտեց մարտի 1-ին, նա պատասխանել է. «Չարաչար սխալվում եք, եթե մտածում եք, որ Երեւանը Ֆիզուլի է կամ ուսումնական կենտրոն, որ մարտի 1-ին ծեծեինք ու ջարդեինք: Եթե ես դուրս գայի հրապարակ, երկրի համար շատ վատ բաներ տեղի կունենային»:
Անդրադառնալով ներկայումս անազատության մեջ գտնվող եւ առողջական խնդիրներ ունեցող, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին՝ Մանվել Գրիգորյանը նկատել է. «Եթե ինձնից կախված լիներ, ես նրան կազատեի: Սասունին չի կարելի բանտարկել: Ես նրան ազատամարտիկ եմ ճանաչում, նա քաղաքական գործիչ չէ»:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի ճեպազրույցն առանց միջադեպերի չի անցել. «փառապանծ» գեներալը հասցրել է մի քանի հարկանի հայհոյանքներ հնչեցնել լրագրողների հասցեին՝ «մուտիտ» անելու համար:




























