Ֆրանսիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դիրքորոշմանը համապատասխան, կարեւորություն է տալիս Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ չեզոքության պահպանմանը, եւ նախարարների ստորագրած փաստաթղթի որեւէ կետ կասկածի տակ չի դնում այդ չեզոքությունը: Նման հայտարարություն է տարածել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը՝ մեկնաբանելով փետրվարի 10-ին Փարիզում Ֆրանսիայի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների միջեւ ստորագրված համաձայնագիրը՝ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ, հաղորդում է abc.az-ը:
«Հենց այդ չեզոքության ոգով էլ Ֆրանսիան Ադրբեջանին նմանատիպ փաստաթղթի ստորագրում էր առաջարկել: Ադրբեջանական կառավարությունն առ այսօր պաշտոնական պատասխան չի տվել Ֆրանսիայի առաջարկին, որն այսօր էլ դեռ ուժի մեջ է»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Հայաստանի հետ ստորագրված փաստաթուղթը մատնանշում է գերատեսչությունների միջեւ վարչական համագործակցության ուղիները. «Այդ համագործակցությունը վերաբերում է պաշտպանություն եւ անվտանգություն հասկացություններին: Փաստաթղթում բացակայում է որակյալ տեղեկատվության եւ նյութերի փոխանակման հնարավորությունը»:




























