Մոսկվան ու Սուխումը փետրվարի 17-ին համաձայնագրերի փաթեթ են ստորագրելու, այդ թվում՝ Աբխազիայի տարածքում ռուսական ցամաքային ուժերի ռազմակայան հիմնելու մասին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Աբխազիայի պաշտպանության փոխնախարար Գարի Կուպալբայի խոսքով, ռազմակայանում կտեղակայվեն երեք հազարից ոչ պակաս զինծառայողներ:

Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր բանակցություններ կվարեն Դմիտրի Մեդվեդեւն ու Սերգեյ Բաղապշը, որը գտնվում է Մոսկվայում առաջին պաշտոնական այցով:

Նախագահները, ըստ «Գոլոս Ռոսիի»-ի, քննարկելու են նաեւ Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ժնեւյան քննարկման ընթացքը, երկրների տնտեսական համագործակցությունը, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող հարցեր:

Անցած տարվա ապրիլին Մոսկվան եւ Սուխումը համաձայնագիր ստորագրեցին Աբխազիայի պետական սահմանի պաշտպանության ուղղությամբ ջանքերի մասին: