Այսօր՝ մարտի 20-ին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Կանադայի Մարդու իրավունքների թանգարանի տնօրեն Քլինտ Քուրլի, Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանի եւ գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանի հետ:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարար Հակոբյանը կարեւորել է Զորյան ինստիտուտի տասնամյակների գործունեությունը եւ ներդրումը Հայոց ցեղասպանութան վերաբերյալ միջազգային հանրությանն իրազեկման գործընթացում: Նախարարը մասնավորապես նշել է. «Շնորհակալ եմ Զորյան ինստիտուտից եւ այն կառույցներից, որ 100 տարուց ավելի գործում են Սփյուռքում, որովհետեւ ինչ իրենք անում են, անում են իրենց ժամանակի եւ հնարավորությունների հաշվին»:
ՀՀ սփյուռքի նախարարը Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանին շնորհել է «Մովսես Խորենացի» մեդալը, որով նրան պարգեւատրել էր Հայաստանի Հանրապետության նախագահը` կարեւորելով ինստիտուտի ներդրումը Կանադայում հայապահպանության գործում: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի եւ բարձր պարգեւի համար՝ Գրեգ Սարգսյանը նշել է, որ ոչինչ չէր կարող անել, եթե Կանադայի քաղաքացի չլիներ:
«Կանադայի օրենսդրական հավասարությամբ, մտքի եւ խոսքի ազատությամբ, քաղաքացիությամբ է ճանաչվում մեր պատկանելությունը: Շատ եմ կարեւորում Կանադայի արձագանքը ցեղասպանությանը՝ որպես ահռելի չափերի մարդկային ոչնչացում: Մեզ համար կարեւոր է, որ մենք՝ որպես ժողովուրդ, միայն մեր ցավը չենք տեսնում: Ցեղասպանության ճանաչումը մարդու իրավունքների դեմ գործած հանցանքների դատապարտում է: Սփյուռքը շատ թելերով է կապված Հայաստանին` գիտական, մշակութային եւ այլն: Մենք ընտրել ենք՝ որն է այն խոշոր խթանիչ ուժը, որ սահմանում է մեր ինքնությունը, որն է ցեղասպանության ազդեցությունը եւ Հայաստանի ազդեցությունը մեր գոյության վրա»,-ասել է նա:
Կանադայի Մարդու իրավունքների պաշտպանության թանգարանի տնօրեն Քլինտ Քուրլը նշել է, որ թանգարանում բացվելու է ցեղասպանության բաժին, որտեղ տեղ են գտնելու նյութեր 5 ցեղասպանությունների, այդ թվում՝ Հոլոքոստի, Հյուսիսային Ամերիկայի էթնիկ հնդկացիների եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: «30 տարի առաջ Կանադայում չգիտեին Հայաստանի եւ ցեղասպանության մասին: «Զորյան» ինստիտուտը փոխել է Կանադայի մոտեցումը: Նրանք կրթում են կանադական հասարակությանը ոչ միայն Հայոց ցեղասպանության ուղղությամբ: Մեր կառավարության կողմից Ցեղասպանության ճանաչման մեջ մեծ է Զորյան ինստիտուտի դերը: Նրանք դրեցին այն կարեւոր հիմքը, որի վրա շարունակվում են ցեղասպանության եւ մարդու իրավունքների մասին շատ կարեւոր քննարկումներ, ինչի համար էլ շնորհակալություն Ձեզ եւ Հայաստանին»,- հավելել է Մարդու իրավունքների պաշտպանության թանգարանի տնօրենը:
Նշենք, որ Կանադայի խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 23-ին Քվեբեկի խորհրդարանականների խմբի ներկայացմամբ Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել: Իսկ արդեն 2004 թվականին Կանադայի խորհրդարանի հանրային պալատը ճանաչել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը:
«Զորյան» ինստիտուտի կատարած գիտակրթական աշխատանքները, բազմազան հրատարակությունները վկայում են Ինստիտուտի մեծ ներուժի մասին:
Ինստիտուտը հսկայական ջանքեր է գործադրում ցեղասպանության եւ մարդու իրավունքների ճանաչման գործում գիտնականների նոր սերունդ պատրաստելու համար:




























