ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարծում է, որ առանց հստակ թեմաների, օրակարգի ու ասելիքի, քաղաքական հարթակում անհնար է շարունակել:

Ստորեւ ներկայացնում ենք նրա հայտարարությունը.

«Ժառանգության» քաղաքական հարթակում այսօր մնացել են հետեւյալ թեմաները` առաջինը`  ինչպե՞ս է իրեն այսօր զգում սիրելի Րաֆֆին ( ցանկանում ենք, որ լավ զգա, անհանգստանում ենք նրա առողջության համար եւ հորդորում ենք, որ դադարեցնի հացադուլը), եւ դրա հետ միասին, եւս մեկ անգամ համոզվում ենք եւ ընդգծում, որ հացադուլը քաղաքական պայքարի ձեւ չէ , եւ փնտրում ու ուզում ենք գտնել դրա հետեւում քաղաքական օրակարգը (որը, կարծես, ոչ ոք այդպես էլ չի գտնում): Երկրորդը`այն թեմաները որոնցով Րաֆֆին փորձում է արդարանալ նախագահի ասուլիսից հետո: Այստեղ դիտարկենք, որ  երկրորդական-երրորդական բնույթի դրվագներն ու տարրերը բերված են առաջին պլան`դրանց  մեծ կարեւորություն հաղորդելով, մանրամասն ներկայացնելով, թե, ասենք,  ուղարկված փաստաթղթի շուրջ ինչ ուղղությամբ է գծեր արվել, որ բառերը շրջանակի մեջ առնվել, հանրահավաքների մասնակիցների թվի շուրջ է վիճաբանությունը, մինչդեռ իրական, գլխավոր բովանդակային հարցերը, որոնք քաղաքական օրակարգի հարցեր են եւ, որոնք նախագահը որպես թեմաներ բարձրաձայնել եւ շեշտադրել է ` թե’ իրենց համատեղ զրույցում, եւ թե իր կողմից որպես կարեւորագույն քննարկման թեմաներ, զարգացման տեսլականներ. այդ հարցերին բացարձակապես արձագանք չկա: Ասել է թե` ստեղծվում է մի կարծիք, որ, կա’մ այդ թեմաները չեն հետաքրքրում Րաֆֆիին, կա’մ էլ հետաքրքրում են ուրիշ թեմաներ, իսկ ո՞ր թեմաներն են դրանք: Այդ իմաստով հետաքրքիր է նաեւ այն դիտարկումը, որ սահմանադրական խորհրդի, սահմանադրական բարեփոխումների թեման կարեւորվեց հանրապետության նախագահի կողմից, որի վերաբերյալ կա գործողություններ կատարելու պատրաստակամություն` գնալ այդ ուղղությամբ, քայլեր անել եւ ոչ միայն` վերլուծություններ եւ քաղաքական մեծ քննարկումների հարթակ բերել բոլոր քաղաքական ուժերի հետ միասին, այդ թվում եւ «Ժառանգության»: Այդ թեման, որը մեկ տարի առաջվա Րաֆֆիի հացադուլի քաղաքական պահանջն էր, պարզվում է, որ բոլորովին էլ հետաքրքիր չի եղել` ո’չ որպես նախագահի կողմից հնչեցրած առաջարկ իրենց առանձնազրույցի ժամանակ , եւ ո’չ էլ հիմա` որպես ասուլիսում հնչեցված գլխավոր քաղաքական թեմաներից մեկը, եւ դրան Րաֆֆիի կողմից բացարձակապես ոչ արձագանք կա` դետալները ներկայացնելու իմաստով, եւ ոչ էլ վերաբերմունք:

Այստեղից հարց է առաջանում` արդյոք նախորդ հացադուլի ժամանակ այս պահանջները  եւս ընդամենը գործի՞ք էին, լոկ գործիք, ոչ նպատակ, ոչ հային եւ հայաստանցուն առաջ տանելու, պետությունը զարգացնելու նպատակային ուղենիշ: Կարծում եմ`սա ծանր հարց է, որին  Րաֆֆի Հովհաննիսյանը պարտավոր է պատասխանել, եթե չի ուզում կորցնել ոչ միայն այն  37 տոկոսը, որն ունի, այլ ընդհանրապես`  վերաբերմունքն իր նկատմամբ որպես ակտուալ քաղաքական գործչի:

Եվ երրորդ թեման, որը մնացել է հարթակում` ստվերային կառավարության ցուցակն է: Մենք ժամանակին առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ տպավորություն կա, (եւ ոչ անհիմն տպավորություն),  որ Րաֆֆի Հովհաննիսյանի թիկունքում  որոշումներ կայացնողներ կան (կամ կլինեն), գործողություններ անողներ կան, եւ կլինեն անպայման, որովհետեւ այսպես անատամ` առանց հստակ թեմաների, առաջարկների, օրակարգերի, ասելիքների քաղաքական հարթակում անհնար է շարունակել ` սուրբ տեղը դատարկ չի մնում, անպայման այդ վակուումը կլցվի, եւ մենք արդեն որերորդ առիթն է, ականատեսն ենք դրան, որ վակուումը լցվում է: Լցվում է ինչո՞վ: Առաջին օրինակը մենք ունեցանք` ոչ անհայտ գործչի մեկնաբանությունները այն մասին, թե  ինչպես պետք է զարգանան այլընտրանքային ճանապարհով իշխանություն վերցնելու գործընթացները, այդ թվում` մատնանշելով լիբիական ճանապարհը, կրկնում ենք, ամենադաժան, արյունալի, անմարդկային ճանապարհը, սակայն մեր քաղաքական գործիչները չեն խորշում այդ ճանապարհից, եւ հնարավոր է, որ իրենց թաքնված գրպաններում  ունեն այդ խաղաքարտը, եւ մեր ժողովրդին, որը ազնիվ բողոքով եւ ընդվզումով  այսօր կանգնած է հրապարակում (անկախ թվաքանակից), տանելու են լիբիական ճանապարհով:

Այս զգուշացումները  ժամանակին արել ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, կարծում եմ, այսօր էլ դրանք կարող են տեղին լինել, այսօր, երբ  ռեալ մարմնավորում ունենք` ինչ-որ տեղից առաջանում են ստվերային կառավարության  անդամների ցուցակներ, եւ բացահայտ է, որ այստեղ եւս Րաֆֆին պասիվ դերակատարություն ունի, կամ դերակատարություն ընդհանրապես չունի:

Ուզում ենք նաեւ հիշեցնել, որ Սահմանադրությամբ  կառավարության ձեւավորման խնդիրը  խորհրդարանական մեծամասնության  խնդիրն է, ու նախագահը,  ըստ Սահմանդրության 54-րդ հոդվածի 4-րդ կետի , վարչապետ է նշանակում  պատգամավորների մեծամասնության  վստահությունը վայելող  անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Սահմանադրությունը չի ասում` ժողովրդական մեծամասնությամբ, այլ` խորհրդարանական մեծամասնությամբ, այսինքն` այստեղ մենք եւս մեկ օրինակ ենք ունենում այն բանի, որ  դուք օրինական «կբոռաք», բայց պատրաստ եք բոլոր անօրինական քայլերի: Այդ դեպքում ինչո՞ւ եք գալիս, գալիս եք, որ ի՞նչ անեք:

Մինչդեռ, հակառակ բեւեռում մենք ականատես եղանք Հանրապետության նախագահի լայնածավալ, անկեղծ, ծայրեծայր սրտացավությամբ լեցուն, ազնիվ զրույցի մեծ թվով լրագրողների հետ` առանց բաժանելու «на свои и чужие»:  Երկրի առջեւ ծառացած լրջագույն հարցերի խորքային վերլուծություն, մեծ դիապազոն հարցերի, սկսած` սահմանադրական , քաղաքական փոփոխություններից,  քաղաքական համակարգի փոփոխություններից, երկրում հանդուրժողականության, համերաշխության ամրապնդման,  դրան ուղղված գործնական քայլերից, կոռուպցիայի դեմ պայքարից, պետական կառավարման արդյունավետության բարձրացումից, արտաքին քաքաքականությանն առնչվող հարցերից, այդ թվում` ինտեգրացիոն բնույթի: Նախագահը ցույց տվեց, որ ինքը քաղաքական գործչի այլ տեսակ է, որը պետական կառավարման գործում ամենաբարձր դիրքում լինելով հանդերձ ` անսահման բաց է, անսահման անկեղծ, եւ պատրաստ է յուրաքանչյուր հարց քննարկելու `անկախ նրանից համախոհի, թե այլախոհի հետ, եւ յուրաքանչյուր մարդու մեջ պատրաստ է տեսնել սրտացավ, շահագրգիռ քաղաքացու, եթե այդ քաղաքացին, իհարկե,  կա»: