«Ես կարծում եմ, որ բոլոր ազատամարտիկներին պետք է վերաբերվել շատ մեծ ակնածանքով, որովհետեւ նրանք այն մարդիկ են, ովքեր իրենց կյանքն են վտանգել ու նվիրաբերել մեր երկրին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե արդյո՞ք այդ կազմակերպությունը չի սպառել իրեն, որպես ներքաղաքական կյանքի մասնակից կազմակերպություն, Է. Շարմազանովը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ԵԿՄ-ն իրեն սպառել է, որովհետեւ նրանց համագումարը ցույց տվեց, որ նրանք ապաքաղաքական են, փորձում են այդպիսին լինել եւ պետության ու երկրի կողքին են, ինչը շատ կարեւոր է»:
Իսկ դիտարկմանը, թե որքան էլ ասվում է, որ ԵԿՄ-ն ապաքաղաքական է, բայց փաստ է այն, որ մշտապես խառնվել է ներքաղաքական կյանքին ու նաեւ վերջին համագումարին հրավիրված չեն եղել ընդդիմադիր հայացքներ ունեցող երկրապահները, ՀՀԿ մամուլի քարտուղարը խուսափեց պատասխանել՝ նշելով. «Դա իրենց ներքին խնդիրն է: Ես ԵԿՄ անդամ չեմ եւ ինձ իրավունք չեմ վերապահում նրանց ներքին գործերին միջամտել կամ խառնվել, հատկապես, որ ԵԿՄ վարչության նախագահը ասուլիսում այդ հարցին պատասխանել է»:




























