Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ գերակա տեղ է զբաղեցնում ղարաբաղյան խնդիրը եւ հենց այդ տեսանկյունից էլ Բաքուն դիտարկում է ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ իր հարաբերությունները: Այդ մասին փետրվարի 16-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահին կից պետական կառավարման ակադեմիայի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլման Նասիրովը:

«Մեզ հետաքրքրում է, թե ինչ օգուտ կարող է ունենալ տվյալ կառույցների հետ համագործակցությունը հակամարտության կարգավորման համար»,- նկատել է Նասիրովը:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն շարունակում է իրական ուժ մնալ անվտանգության միջազգային քաղաքականության մեջ եւ իր ազդեցությամբ գերազանցում է ՄԱԿ-ին, որը չի կարող ապահովել իր որոշումների իրականացումը:

Խոսելով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական հնարավոր միությանը՝ փորձագետն ասել է, որ դա կարող է «վտանգավոր» հետեւանքներ ունենալ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համար: Նման միությունը կարող է հակամարտության մեջ ներքաշել Ռուսաստանին: Սակայն, փորձագետի կարծիքով, Ադրբեջանն ու Թուրքիան կարող են զարգացնել իրենց համագործակցությունը ամերիկա-իսրայելական հարաբերությունների մոդելով: