Թերեւս, նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների համար է արդեն պարզ դառնում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանը ոչ թե բանակցություններ է վարում, այլ, օգտագործելով միջազգային զանազան հարթակներ եւ շահարկելով սեփական «տարածաշրջանային կարեւորությունն» ու էներգետիկ եւ «տրանզիտային հնարավորությունները», ձգտում է գտնել մի հովանավոր-գերբնական ուժ, որը կկարողանա «վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը ԼՂ նկատմամբ»:

Թե որքանո՞վ է այս կեցվածքը համապատասխանում միջազգային միջնորդական ջանքերին, թող իրենք` միջնորդները պարզեն: Մեզ համար զարմանալին այն է, որ Ադրբեջանի իշխանությունն ամեն անգամ չի խորշում եւ հետեւողականորեն իրեն ստորացնում է թե՛ միջազգային ասպարեզում, թե՛, հատկապես, սեփական ժողովրդի աչքում:

Մասնավորապես, ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւի տարածաշրջանային այցին նախորդած «մեկնաբանություններում» ադրբեջանական կողմը չէր թաքցնում, որ մեծ հույսեր է կապում այդ երկրի հնարավոր դերակատարության հետ: Մի կողմ թողնենք այն դիլետանտական հավաստիացումները, որոնց ենթատեքստում ակնարկ կար, որ պատմության մեջ առաջին անգամ ԵԱՀԿ – ում նախագահության լիազորությունը փոխանցվել է մահմեդական երկրի, ինչը «պետք է իր դրական ազդեցությունն ունենա ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա»: Ադրբեջանում, հավանաբար, դեռ շատ ուժեղ տպավորված են ԽՍՀՄ ԳԽ նստաշրջաններում Ռաֆիկ Նիշանովի ոչ համարժեք ելույթներից եւ կարծում են, որ ԵԱՀԿ գործող նախագահն էլ կարող է իրեն նման մոտեցում թույլ տալ:

Բաքվից հնչած տեսակետներում իշխում էր նաեւ այն մտայնությունը, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը «ծանոթ է ղարաբաղյան խնդրին»: Այստեղ դժվար է առարկել. Ղազախստանի նախագահն իրոք 1991թ. աշնանը ՌԴ նախագահ Ելցինի հետ այցելել է Լեռնային Ղարաբաղ: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, թե ի՞նչ տպավորություն է ստացել Նազարբաեւը Լեռնային Ղարաբաղում: Հարկ չկա ամեն ինչ հիշեցնել: Թերեւս բավական է ասել, որ Նազարբաեւը Ստեփանակերտում տեսել է սեփական արժանապատվությունը պաշտպանելու պատրաստակամ մի ժողովուրդ եւ այն, որ նույն հանրությունը մերժել էր որեւէ շփում ունենալ ՌԴ եւ Ղազախստանի իր գործընկերների թիկունքում ապաստանած` Ադրբեջանի նախագահ Մութալիբովի հետ: Նուրսուլթան Նազարբաեւն, այո, փորձառու քաղաքական գործիչ եւ հեղինակավոր դեմք է , անցած բոլոր տարիներին եղել եւ շարունակում է մնալ իշխանության ղեկին, բնականաբար` տեղյակ է ԼՂ հարցով բանակցություններին եւ գիտի, որ Ստեփանակերտում հանրային տրամադրություններն Ադրբեջանի հանդեպ ոչնչով չեն փոխվել: Ավելին, դրանք մթագնվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արհավիրքներով, մարդկային տառապանքներով եւ ամեն օր մթագնվում են պատերազմը վերսկսելու մասին պաշտոնական Բաքվի հոխորտանքներով:

Եւ բավական էր, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը Երեւանում հանդիպեր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որպեսզի ադրբեջանական կողմը հասկանար, որ հովանավորի հերթական փնտրտուքը նույնպես մատնված է անհաջողության: Կարելի է միայն ցավել, որ հարեւան հանրապետությունում գտնվում են նույնիսկ տիտղոսավոր մարդիկ, որոնք շարունակում են հավատալ հրաշքների:

Եւս քանի՞ անգամ, միջազգային ուրիշ ի՞նչ հեղինակավոր կազմակերպությունների ամբիոններից պիտի հնչեցվի պարզ ճշմարտությունը, որ խնդրի լուծման բանալին գտնվում է հակամարտության կողմերի ձեռքում, որպեսզի Ադրբեջանում հասկանան, որ հարկ է մի կողմ թողնել «օրիորդական ամոթխածությունը», մանավանդ որ այդ երկիրը վաղուց է «կորցրել կուսությունը» եւ լուրջ բանակցություններ սկսել` կարգավորելու համար վերջնականապես եւ անշրջելիորեն անկախ ԼՂՀ հետ ունեցած տարաձայնությունները:

Հիշեցման կարգով, թերեւս, հարկ է ասել, որ գրեթե տասը տարի առաջ հանգուցյալ Հեյդար Ալիեւն արդեն համոզվել էր, որ «Լեռնային Ղարաբաղը երբեք չի համաձայնվի վերադառնալ նախկին կարգավիճակին»,- իսկ ներկա Ադրբեջանում Հեյդար Ալիեւի խոսքն ավելի հարգի է, քան` նույնիսկ սուրբ Ղուրանը: Այս դեպքում ինչո՞ւ որդի Ալիեւը ճգնում է «պապից ավելի կաթոլիկ լինել»: Մի՞թե նրա համար էլ պարզ չէ, որ «միեւնույն ջուրը երկու անգամ չեն մտնում»:

Ով էլ որ ստանձնելու լինի ԵԱՀԿ նախագահությունը, նույնիսկ եթե դա վերապահվի Թուրքիային, միեւնույնն է` ասելու է նույնը, ինչ ասված է ԵԱՀԿ գագաթնաժողովներում: Այստեղ Ղազախստանի` որպես մահմեդական կամ էներգակիրներով հարուստ երկրի դիրքորոշումը չի կարող տարբերվել հակամարտությունների կարգավորման այն մեթոդաբանությունից, որ ընդունվել է ԵԱՀԿ մարմինների, մասնավորապես` Նախարարների խորհրդի կողմից: Եւ նաեւ` այդ դիրքորոշումները սեփական մեկնաբանությամբ մատուցելու հարկ էլ չկա, ինչպես դա փորձում է անել Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը` ինքնորոշման իրավունքը կամայականորեն սահմանափակելով Ադրբեջանի «տարածքային ամբողջականությամբ»: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների հայտնի հայտարարության մեջ նման գաղափարի մասին ակնարկ իսկ չկա: Ասված է այն, ինչ սաված է: Եւ հակամարտության հետեւանքների վերացման գաղափարն էլ հավասարապես վերաբերում է բոլոր հետեւանքներին, այդ թվում եւ, ինչպես արդարացիորեն ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներին եւ այնտեղից տեղահանված անձանց վերադարձին:

Սա է մեթոդաբանությունը, սրանք են կարգավորման սկզբունքները: Միայն այս շրջանակներում է հնարավոր շարունակել երկխոսությունը: Եւ չարժե եւս մեկ անգամ հովանավոր փնտրել, որպեսզի հաջորդ հիասթափությունն ավելի ծանր չլինի:

Թեեւ ո՞վ գիտի, գուցե Ադրբեջանում նախընտրում են քաղաքական մազոխի՞զմը:

Վահրամ Աթանեսյան