Վրացական իշխանությունները պատրաստվում են դիմել միջազգային դատարաններ՝ Ռուսաստանի դեմ հայցով: Թբիլիսին ցանկանում է ՌԴ-ից մի քանի տասնյակ միլիարդ դոլար փոխհատուցում պահանջել այն վնասի համար, որ, ըստ վրացական կողմի, Ռուսաստանը հասցրել է Աբխազիայում եւ Հարավային Օսիայում իր գործողություններով՝ սկսած 1990-ականներից:

Բացի ռազմական գործողությունների ընթացքում երկրի կրած անմիջական կորուստներից, Վրաստանը մատնանշում է նաեւ անուղղակի կորուստները երկրի տնտեսական զարգացման հարցում:

«Դեռ մի քանի տարի առաջ Վրաստանի խորհրդարանում հատուկ ժամանակավոր հանձնաժողով էր ստեղծվել՝ տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով: Հենց դրան էլ հանձնարարվել էր հաշվել կորուստը: Այժմ այդ հարցը քննարկվելու է խորհրդարանում, ապա հնարավոր է պետական հանձնաժողովի ստեղծում», «Վրեմյա նովոստեյ»-ին տված հարցազրույցում հայտնել է ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Շոթա Մալաշխիան: