Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) փաստում է, որ Հայաստանը գտնվում է համակարգային` սոցիալական, տնտեսական եւ քաղաքական խորը ճգնաժամի մեջ եւ չկա մի ոլորտ, որտեղ կարելի լինի գրանցել որեւէ մի դրական առաջընթաց:
«Մրցակցային անհավասար պայմանները եւ հարկային ծանր բեռը, իրավական անպաշտպանությունը ի չիք են դարձնում մանր եւ միջին գործարարի վերջին ճիգերը: Գործող վարչախումբը նպատակային եւ հետեւողական քայլերով սահմանափակում է նրանց տնտեսական ազատությունները, վերջնականապես ջարդում է տնտեսության զարգացման այդ կարեւորագույն օղակի ողնաշարը»,- ասված է ՍԴՀԿ (ատենապետ Լյուդմիլա Սարգսյան) հայտարարության մեջ:
«Իշխանությունների ապաշնորհ, անհեռատես եւ հանցավոր անտարբերության արդյունքում սահմանամերձ գյուղերը ամայանում են: ՀՀ քաղաքներից եւ գյուղերից արտագաղթը հասնում է աննախադեպ չափերի:
Գործազրկությունն ու ծայրահեղ աղքատությունը քաղաքացուն հասցրել են հուսահատության վերջին աստիճանին: Այս պայմաններում գազի գնի կտրուկ թանկացումը կբերի մյուս կենսական նշանակության ապրանքների շղթայական թանկացման:
ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը զգուշացնում է ՀՀ գործող իշխանություններին, որ ստեղծված իրավիճակը պայթունավտանգ է, եւ այն կարող է բերել քաղաքացիական անհնազանդության, որի հետեւանքները անկանխատեսելի են, ինչպես նաեւ հայտարարում է, որ հետագա ներքաղաքական զարգացումների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է գործող իշխանությունների վրա»,- ասված է ՍԴՀԿ հայտարարության մեջ:




























