Մարտի 20-ին՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում, Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում (The Institute of World Politics), Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի փոխնախագահ Վիլեն Խլղաթյանը ելույթ է ունեցել Ադրբեջանի նավթային քաղաքականության թեմայով:

Միջոցառմանը ներկա են գտնվել դիվանագետներ, քաղաքական վերլուծաբաններ եւ ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ:

Խլղաթյանը նշել է, որ Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է նավթագազային ոլորտից: «Բոլոր փաստերը վկայում են, որ Բաքվի ռեժիմը ոչ մի ջանք չի ներդրել՝ դիվերսիֆիկացնելու տնտեսությունը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը կկրի «հոլանդական հիվանդության» հետեւանքները»:

Անդրադառնալով էներգոռեսուրսները արտաքին քաղաքականության ոլորտում օգտագործելու Հեյդար Ալիեւի ռազմավարությանը, որը փոխանցվել է իր որդուն՝ Ադրբեջանի ներկայիս բռնապետին՝ Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի փոխնախագահը ներկայացրել է դրա վերջին շրջանի դատապարտելի օրինակները՝ ուղղված Հայաստանի եւ հայկական Սփյուռքի դեմ: Դիցուք՝ 2012թ. «Եվրատեսիլի» մրցույթի դեպքը, Ալիեւի արձանը Մեխիկոյում եւ մարդասպան Սաֆարովի արտահանձնման համար հայտարարվող Հունգարիայի կառավարությանը վճարված կաշառքը:

Խլղաթյանը խոսել է նաեւ Ադրբեջանի իշխանության ավտորիտար էության եւ փաստացի միակուսակացականության մասին՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության ներքո: «Ադրբեջանում ցանկացած ընտրություն լայնորեն քննադատվել է եւ որակվել՝ որպես ոչ ժողովրդավարական, կոռուպացված եւ ոչ լեգիտիմ»,-նշել է Խլղաթյանը՝ հավելելով, որ տվյալ հանգամանքները, սակայն, չեն կանգնեցրել Իլհամ Ալիեւի՝ սեփական իշխանությունը հիպերկենտրոնացնելուն ուղղված ջանքերը, ինչպես օրինակ նախագահական ժամանակահատվածը սահմանափակող 2009թ. հանրաքվեն: Ավելին, ըստ նրա, տեղեկատվություն էր տարածվել, որ Ալիեւի որդուն են պատկանում շքեղ առանձնատներ Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ նրա կրտսեր աղջկան՝ Ադրբեջանի հիմնական հեռախոսային օպերատորի միլիոնների հասնող բաժնետոմսեր: «Ալիեւը հաստատել է կլեպտոկրատիա, որը հաստատապես  դասվում է աշխարհի ամենակոռուպացված երկրների թվին՝ ըստ Թրանսփարենսի Ինթերնաշնլի»,- ասել է Խլղաթյանը:

Քննարկվել են նաեւ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առկա լարված հարաբերությունների, Հայաստանի նկատմամբ վերջինիս թշնամական վերաբերմունքի եւ Թուրքիայի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունների մասին հարցեր: «Ադրբեջանի գլխավոր նպատակն է եղել՝ մեկուսացնել Հայաստանը տարածաշրջանային բոլոր էներգետիկ ծրագրերից եւ օգտագործել սեփական ռեսուրսները՝ փորձելով հակազդել Ռուսաստանին եւ գրավելով արեւմտյան քաղաքական աջակցությունն ու տնտեսական ներդրումները»:

Ուշագրավ է, որ հարցուպատասխանի ժամանակ Ադրբեջանի դեսպանատան խորհրդական Ֆահրադին Իսմայիլովը ճառ է ասել, որում փորձել է քննադատել Համաշխարհային քաղաքականության ինստիտուտին եւ համաժողովի մոդերատոր Դոկտոր Մարեք Յան Չոդակիեվիչին որ թույլ են տվել էթնիկ հային Ադրբեջանի մասին ելույթ ունենալ: Նա նաեւ փորձել է քննադատել Խլղաթյանի զեկույցը՝ չկարողանալով, սակայն, որեւէ հակափաստարկ բերել:

Խլղաթյանի անձի նկատմամբ (ad hominem) հարձակումը դադարել է, երբ Դոկտոր Չոդեկիվիչը պահանջել է Իսմայլովին լռել եւ նստել տեղը: Վերջինս մինչեւ հարցուպատասխանի վերջը ստիպված լռելյայն ունկնդրել է Ադրբեջանի քայքայվող տնտեսության եւ բռնապետ Ալիեւի կոռուպացված իշխանության մասին Խլղաթյանի դիտարկումներին: