Մահվանից երկու ամիս առաջ Բորիս Բերեզովսկին նամակ էր գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: ՆՏՎ-ի «Երկաթյա լեդիի» հաղորդավարուհիներից Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ նամակը Ռուսաստան վերադառնալու աղերս էր: 

«Ես բազմաթիվ սխալներ եմ  գործել, հասկանում եմ` որքան դժվար է ինձ ներելը, սակայն ես խճճվել եմ եւ ներում եմ աղերսում», - նամակն այսպիսի խոսքեր է բովանդակել, որոնց մասին Սիմոնյանին հայտնել է Պուտինին մոտ կանգնած աղբյուրը: Ընդ որում, Սիմոնյանը նշել է, որ իր զրուցակիցը չգիտի` պատասխանել է արդյոք նախագահը Բերեզովսկուն:

Հաղորդման հյուրը` «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի գլխավոր խմբագիր Պավել Գուսեւն ասել է, որ  չի կասկածում, թե Բերեզովսկին իսկապես նախագահից Ռուսաստան վերադառնալու թույլտվություն է խնդրել:  «Դա Բերեզովսկու ոճն է, եւ եթե երկրի ղեկավարությունը եւ նախագահը կապի մեջ մտնեին նրա հետ, նա դա հաղթանակ կհամարեր եւ նոր քայլ կաներ: Նա ֆիզիոլոգիապես սադրիչ է, սադրանքի բացարձակ հանճար», -նշել է Գուսեւը, հաղորդում է rbc-ն:

Հիշեցնենք, որ Բ. Բերեզովսկու մահվան մասին հայտնի էր դարձել մարտի 23-ին: Գործարարը մահացած էր հայտնաբերվել իր առանձնատան լոգարանում: Քննիչները տանը բռնի մահվան որեւէ հետք չեն հայտնաբերել: