Կիեւի օդանավակայանները, որոնց աշխատանքը խափանվել էր ձյան եւ ուժեղ քամու հետեւանքով, այսօր՝ մարտի 25-ին, սկսել են չվերթներ ընդունել ու ճանապարհել:

Միաժամանակ, Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանի որոշ չվերթներ հետաձգվել են: Մարտի 25-ի գիշերը օդանավակայանն ընդունել եւ ճանապարհել է մի շարք չվերթներ, որոնք պետք է ժամանեին մարտի 24-ին:

«Կիեւ» օդանավակայանն այսօր աշխատում է սովորական ռեժիմով: Երեւան-Կիեւ օդանավը վայրէջք կկատարի այսօր տեղի ժամանակով 16:45-ին: Կիեւ-Երեւան չվերթը նախատեսված է 20:15-ին:

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը, որը վատ եղանակային պայմանների պատճառով մարտի 23-ից չեղյալ է հայտարարել կամ հետաձգել է թռւիչքները, այսօր՝ մարտի 25-ին վերսկսել է դրանք:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստին», ըստ «Ուկրհիդրոմետեո» կենտրոնի, վերջին 100 տարում առաջին անգամ Ուկրաինայի տարածքում ցիկլոնի հետեւանքով, երկու օրում լրացել է ամսական տեղումների նորման: Կիեւում արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մարտի 25-ը՝ ոչ աշխատանքային օր: