Մահից առաջ Բորիս Բերեզովսկին սկսել էր դուրս գալ դեպրեսիայից: Այդ մասին բրիտանական Telegraph թերթի հետ հարցազրույցում հայտնել է ԱԴԾ-ի նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի այրի Մարինան:
«Ես քիչ հավանական եմ համարում այն, որ նա ինքնասպան է եղել… Երբ վերջին անգամ զրուցեցի հետը, նա իրեն լավ էր զգում», — պատմել է Մարինա Լիտվինենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինքնասպանության վարկածի օգտին են խոսում, մասնավորապես, Բերեզովսկիի զգացմունքային ծանր վիճակի մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները: Օլիգարխի ընկերները եւ գործընկերները նշում են, որ վերջին ժամանակներս նա ճնշված էր, ընդունում էր հանգստացնող միջոցներ եւ նույնիսկ բուժում է անցել բրիտանական Priory հիվանդանոցում: Forbes ամսագրի հետ հարցազրույցում Բերեզովսկին խոստովանել էր, որ «ապրելու մեջ իմաստ չի տեսնում»:
Հիշեցնենք, որ Բերեզովսկին վախճանվել է մարտի 23-ին` 68 տարեկան հասակում: Նրա մարմինը հայտնաբերել էր թիկնապահը` գործարարի Անգլիայի Բերքշիր կոմսության տան լոգարանում: Հնարավոր վարկածների թվում են սրտի կաթվածը եւ ինքնասպանությունը:




























