Pussy Riot խմբի Կոտ մականունով անդամը, ով հետախուզման մեջ է Քրստոս Փրկչի տաճարում «փանք-աղոթքի» համար, հարցազրույց է տվել ամերիկյան CBS հեռուստաալիքին: Նրա խոսքով, եթերում երեւալն արդեն բողոքի նշան է, որ ակտիվիստուհիները մտադիր չեն հանձնվել:

Ակցիայի հագուստներով աղջիկը նկարահանող խմբին տարել է մի նկուղ, որտեղ հավաքվում են խմբի մնացած անդամները:

Նա նշել է, թե անգամ հարազատների քննադատությունները չեն ստիպի դադարեցնել գործունեությունը: «Նրանք այնքան էլ ուրախ չեն: Իմ հայրը հավատացյալ է: Նա ինձ անգամ Հակաքրիստոս է անվանել»,- պատմել է Pussy Riot-ի անդամը:

2012թ. փետրվարի 21-ին Pussy Riot խմբի հինգ անդամներ մտել էին տաճար եւ, միացնելով ձայնային սարքավորումները, «Սուրբ Աստվածամայր, Պուտինին  վտարիր» երգն էին կատարել: Նրանցից երեքը` Եկատերինա Սամուցեւիչը, Նադեժդա Տոլոկոննիկովան եւ Մարիա Ալյոխինան ձերբակալվել էին, իսկ օգոստոսի 20-ին դատապարտվել երկու տարվա ազատազրկման: Վճռի բողոքարկման ժամանակ Սամուցեւիչին ազատ էին արձակել, իսկ երկու աղջիկների բողոքը մերժել էին: Մյուս երկու ակտիվիստուհիների նկատմամբ հետախուզում է հայտարարվել: