Մեծ Բրիտանիայում վախճանված ռուսաստանցի գործարար Բորիս Բերեզովսկին, հավանաբար, կտակ է թողել: Դեռ հայտնի չէ, թե երբ է ստորագրվել փաստաթուղթը եւ կա՞ արդյոք ավելի նորը, «Ինտերֆաքսին» հայտնել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը: Հայտնի չեն նաեւ ժառանգության ճշգրիտ ծավալները: Ժառանգներն են վեց երեխաները եւ երեք նախկին կանայք, որոնցից մեկը քաղաքացիական է:
2011թ. The Sunday Times թերթը Բերեզովսկիի ունեցվածքը գնահատել էր 900 միլիոն դոլար, գրում է gazeta.ru-ն:
«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը պարզել է, որ Բորիս Բերեզովսկիին են պատկանել Լազուր ափի հանգստավայրերից մեկում անշարժ գույքի երկու օբյեկտներ, որոնք նա գնել էր դեռ 1996թ.: Ավելի ուշ հաղորդվել էր, որ այդ անշարժ գույքը կալանքի է վերցվել իշխանությունների կողմից:
Բացի դրանից, ռուսական իշխանություններին իբր 2010թ. հաջողվել էր կալանել Բերերզովսկու եւս մեկ անշարժ գույքի օբյեկտ` Նյու Յորքի Trump International-ի երրորդ հարկի շքեղ բնակարանը: Սակայն, ինչպես 2008թ. հաղորդել էր New York Observer-ը, արդեն այն ժամանակ բնակարանը գնել էր Lucietta Estates Corp. ընկերությունը՝ 7,5 միլիոն դոլարով: Հատկանշական է, որ Բերերզովսկին այն գնել էր 2001թ.` 3,2 միլիոն դոլարով:
Ըստ բրիտանական The Daily Telegraph-ի` 2003թ. Մեծ Բրիտանիայում Բերեզովսկիին է պատկանել բնակարան՝ Լոնդոնի Բելգրավիայի թաղամասում, Սուրեյ կոմսության Գոդալմինգ քաղաքում Hascombe Court առանձնատունը եւ նույն վայրում Wentworth Estate առանձնատունը: Վերջինը Բերեզովսկին 2012թ. վաճառել էր Ռոն Դենիսին: Ըստ Reuters-ի` Բերեզովսկին ստացված գումարով վճարել էր պարտքերը:
Բերեզովսկիին է պատկանել նաեւ Stanley House առանձնատունը, որի արժեքը 2007թ. ըստ The Daily Telegraph-ի 10 միլիոն ֆունտ է եղել:




























