Իլի բանտի ղեկավարությունը թույլ չի տվել ահաբեկիչ Անդերս Բրեյվիկին մասնակցել մոր հուղարկավորությանը, քանի որ նա բավական ժամանակ չի անցկացրել բանտարկության մեջ, որպեսզի նման իրավունքից օգտվելու հնարավորություն ստանա: Բացի այդ, բանտի ղեկավարության նման որոշման համար որոշիչ գործոն է եղել Բրեյվիկի կատարած հանցագործության ծանրությունը:

«Մայրը նրա համար շատ բան էր նշանակում եւ նա մեծ ցանկություն ուներ մասնակցել մոր հուղարկավորությանը»,-ասել է Բրեյվիկի փաստաբան Տուրդ Յորդետը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ 66-ամյա Վենհե Բեհրին Բրեյվիկը մահացել է նախորդ շաբաթ՝ երկարատեւ հիվանդությունից հետո:
Հիշեցնենք, որ 2012-ի օգոստոսի 24-ին Անդերս Բրեյվիկը դատապարտվել է Նորվեգիայում առավելագույն պատժաչափի՝ 21 տարվա բանտարկության՝ հետագայում պատժաչափը երկարաձգելու հնարավորությամբ:
Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսին Բրեյվիկն ահաբեկչություն էր իրականացրել Օսլոյի կառավարական թաղամասում եւ Ուտեյա կղզու երիտասարդական ճամբարում, որի ժամանակ սպանվել էր 77 մարդ: Դատարանը նրան մեղսունակ էր ճանաչել եւ դատապարտել 21 տարվա ազատազրկման: