Վրաստանի իշխանությունները ազատ են արձակել թուրքական «Այդար» բեռնանավը, որը ձերբակալվել էր մարտի 20-ին, Աբխազիայից Տրապիզոն ճանապարհին: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, «Ապսնիպրեսին» հայտնել են աբխազական նավագնացության ծառայությունում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ուժեղ քամու պատճառով բեռնանավը դեռեւս գտնվում է Փոթիի նավահանգստում, բայց եղանակը լավանալուն պես կլքի վրացական տարածքային ջրերը եւ կուղեւորվի դեպի թուրքական Տրապիզոն:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին վրացի սահմանապահները ձերբակալել էին թուրքական «Այդար» բեռնանավը, որը Աբխազիայից ուղղություն էր վերցրել դեպի Տրապիզոն:
Աբխազական կողմի պնդմամբ՝ նավը ձերբակալվել է չեզոք ջրերում եւ տեղափոխվել Փոթի: Բեռնանավի անձնակազմի 9 անդամները Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ադրբեջանի քաղաքացիներ են: Նավի վրա եղել է Աբխազիայում արտադրվող ծովային ալյուր եւ ձկան յուղ: Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը Վրաստանի գործողությունները գնահատել է որպես ծովահենություն:
Վրացական կողմը հայտարարել է, որ նավաստիները մեղադրվել են «Օկուպացված տարածքների մասին» օրենքը խախտելու մեջ: Ըստ այդ օրենքի՝ Վրաստանն անօրինական է համարում նավերի հայտնվելը Աբխազիայի ջրերում:




























