Փարիզի «Հայկական վերածնունդ» կազմակերպությունը, ապրիլի 7-ին, Փարիզում Հայաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա է կազմակերպում՝ ի զորակցություն Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Երեւանում նախագահական պաշտոնի ստացման խորհրդանշական արարողության:
Այս առնչությամբ, Փարիզի «Հայկական վերածնունդ» կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Փարիզի ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ կազմակերպությունը փետրվար 18-ին Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված եւ օրինական նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի Երեւանում նախագահական պաշտոնի ստացման խորհրդանշական արարողությանը զորակցելու եւ դատապարտելու համար անհամար փաստված ընտրակեղծիքներով ինքն իրեն նախագահ հռչակող հանցավոր վարչակարգի թեկնածուին, կոչ է անում բոլոր հայերին, որոնք այլեւս չեն ընդունում զեղծարարության հիման վրա ընտրված նախագահներին եւ ուզում են ունենալ իսկապես ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ եւ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ հայրենիք, մասնակցել այս տոնախմբության եւ դատապարտության ցույցին, որը տեղի կունենա ապրիլ 7-ին, ժամը 17-ին Փարիզում Հայաստանի դեսպանատան առջեւ:
Եկե՛ք խուռներամ՝ ձեր հարազատներով, ձեր երեխաներով Հայաստանի եւ Արցախի դրոշակներով:
Եկեք ո՛չ ասելու այս ռեժիմին եւ ապօրինի իշխանություններին,
Այո՛ ասելու նոր որակի ժողովրդավար պետության կերտմանը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայ ժողովուրդը»:




























