Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (ԿԱՀ) ապստամբների առաջնորդ Միշել Ջոտոդիան, որը մայրաքաղաք Բանգիի գրավումից հետո իրեն նախագահ էր հռչակել, դադարեցրել է Սահմանադրության գործունեությունը, ինչպես նաեւ ցրել է խորհրդարանն ու կառավարությունը:
Նա հայտարարել է, որ անցումային շրջանի ընթացքում, որը «կհանգեցնի, ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների», երկիրը կկառավարվի հրամանագրերով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով AFP-ին:
Հիշեցնենք, մարտի 24-ին ապստամբների «Սելեկա» դաշինքը գրավել էր ԿԱՀ մայրաքաղաք Բանգին: Երկրի նախագահ էր ինքնահռչակվել ապստամբների առաջնորդ Միշել Ջոտոդիան: Երկրի գահընկեց նախագահ Ֆրանսուա Բոզիզեն ստիպված էր եղել Կամերուն փախչել:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը կողմերին կոչ էր արել սերտորեն համագործակցել հունվարին ձեւավորված ազգային միասնության կառավարության հետ: ԿԱՀ-ում սահմանադրական կարգուգանոնի վերականգնում էր պահանջել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:




























