Ռոման Աբրամովիչի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Մանը հերքել է փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկիի տեղեկությունն այն մասին, թե ԱՄՆ-ում Աբրամովիչին հարցաքննել են ֆուտբոլի թեմայի շուրջ:

NEWS.am-ի հասցեով ստացված հերքման մեջ ասվում է, որ «Ռոման Աբրամովիչը չի ձերբակալվել եւ չի հարցաքննվել ՀԴԲ-ում: Փաստաբան Դոբրովինսկիի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Նշվում է նաեւ, որ Դոբրովինսկին Աբրամովիչի փաստաբանը չէ:
Նշենք, որ Աբրամովիչի ձերբակալման եւ հարցաքննության մասին նախօրեին հայտնել էր РБК-ТВ-ն: Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ Աբրամովիչին հարցաքննել են Բորիս Բերեզովսկիի մահվան առիթով, ապա ազատ արձակել: Աբրամովիչի ներկայացուցիչ Ջոն Մանը նախօրեին նույնպես հերքել է այդ տեղեկատվությունը, դա համարելով «անհեթեթություն»:

Ավելի ուշ հայտնի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին՝ վկայակոչելով «բացարձակ հուսալի» աղբյուրը, «Ինտերֆաքսին» հայտնել է, որ Աբրամովիչին հարցաքննել են ֆուտբոլի թեմայի շուրջ: Ամերիկացիներին հետաքրքրել է, թե ինչպես է Ռուսաստանը 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունք ստացել: