Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, մայիսի 21-ին, տեղի է ունեցել հայտնի լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Ցուցադրության կազմակերպիչներն են Սերբիայում ՀՀ պատվավոր հյուպատոսությունը եւ Սերբիայի հայկական միությունը` Աթենքում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Բելգրադի «Ռուսական տան» մեծ դահլիճում անցկացվող հայկական ճարտարապետությանը նվիրված ցուցահանդեսը կրում է «Հայաստան` բիբլիական երկիր Արարատի ներքո» խորագիրը:

Բազմամարդ հանդիսությանը ներկա էին երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, Սերբիայի արտաքին գործերի նախարարության, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի եւ արվեստի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ, գործարարներ ու լրագրողներ:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Սերբիայի հայկական միության նախագահ Սամվել Այվազյանը եւ «Ռուսական տան» տնօրեն Միխայիլ Դենիսովը: ՀՀ պատվավոր հյուպատոս Պրեդրագ Տոմիչը ընթերցել է ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանի ուղերձը: Ելույթով ներկաներին դիմեց հեղինակը` Զավեն Սարգսյանը: Բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչն ընթերցել է Հայաստանին նվիրված բանաստեղծություններ:

Միջոցառումը լայն արձագանք է գտել սերբական լրատվամիջոցներում: Կենտրոնական «ՌՏՍ», ինչպես նաեւ «Ստուդիո-Բ» եւ «Փինք» հեռուստաալիքները ցուցադրել են տեսանյութեր բացման արարողության վերաբերյալ` Հայաստանի, հեղինակի ու լուսանկարների մասին մանրամասներով: Ցուցահանդեսին անդրադարձել է նաեւ Սերբիայի տպագիր մամուլը, մասնավորապես` երկրի առաջատար թերթերից «Պոլիտիկա» օրաթերթը: