2013 թվականի սեպտեմբերի 18-20-ին կայանալիք Հայաստանի երկրորդ միջազգային բուժքույրական համագումարին ընդառաջ, մարտի 26-ին, ՀՀ առողջապահության նախարարության Երեւանի հայ-ամերիկյան Էրեբունի պետական բժշկական քոլեջի, Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության եւ «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի ներկայացուցիչների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Համագործակցության հուշագիրը նպատակ ունի էլ ավելի ամրապնդել ՀՀ առողջապահության նախարարության Երեւանի հայ-ամերիկյան Էրեբունի պետական բժշկական քոլեջի, «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնի եւ ԴԱՆ Միության միջեւ նկատելի համագործակցությունը։
Հուշագիրը նպատակ ունի նպաստելու.
• ԴԱՆ Միության անդամ դեղագործական կազմակերպություններում ուսանողների արտադրական պրակտիկայի անցկացմանը։
• ԴԱՆ Միության ինտերնետային կայքում երիտասարդ մասնագետների տվյալների բազայում ուսանողների ինքնակենսագրականների տեղադրմանը։
• Եվրոպական միության պատշաճ գործունեության չափանիշների վերաբերյալ համապատասխան մասնագիտական վերապատրաստման դասընթացների անցկացմանը «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնում։
• Երեք կառույցների միջեւ համագործակցությանը՝ գիտահետազոտական աշխատանքների եւ տարբեր ուսումնասիրությունների անցկացման գործընթացներում։
• Միջազգային հեղինակավոր բուհերի եւ գիտական կենտրոնների հետ կապերի հաստատմանը եւ համագործակցության զարգացմանը։
• Երեք կազմակերպությունների մասնագետների գիտական հոդվածների եւ հետազոտությունների տպագրությանը ԴԱՆ Միության «Ֆարմա» դեղագործական գիտագործնական հանդեսում:
Համագործակցության հուշագրով նախատեսված ծրագրերի իրականացման շրջանակներում կողմերը ամրագրում են փոխադարձ պարտավորություններ ու գործողություններ:




























