Մարտի 16-23-ը տեղի ունեցած Ֆրիբուրգի 27-րդ միջազգային կինոփառատոնի (27 Festival International de Films de Fribourg) շրջանակներում կազմակերպվել է հայկական կինոնկարների ցուցադրման երեկո, որին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրը:

Փառատոնի շրջանակներում մարտի 21-ին ցուցադրվել են Ատոմ Էգոյանի «Արարատ», Սերգեյ Փարաջանովի «Սայաթ-Նովա» եւ Օքսանա Միրզոյանի «140 դրամ» կինոնկարները:

Կինոցուցադրմանը հաջորդել է «Սփյուռք. Ատոմ Էգոյանը եւ Հայաստանը» խորագրով Հայաստանին նվիրված քննարկումները, որին մասնակցել են դեսպան Շարլ Ազնավուրը, Ժնեւի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վալենտինա Կալզոլարի Բուվյեն, կինոռեժիսոր Օքսանա Միրզոյանը, կինոպրոդյուսեր Բրադեն Քինգը եւ Հարվարդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Ջեյմս Ռասսելը:

Քննարկումների ընթացքում, որին ներկա էին մոտ 250 հոգի, դեսպան Ազնավուրը ներկայացրել է Հայաստանը, հայ ժողովրդին, հայկական մշակույթը, հայոց պատմությունը: Իր ելույթում ՀՀ դեսպանը կարեւորեցլ է մշակույթի եւ, մասնավորապես, կինոյի դերը Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստելու գործում:

Կինոփառատոնի ընթացքում հայկական ֆիլմերի ցուցադրությունը եւ դրան դեսպան Ազնավուրի մասնակցությունը լայնորեն լուսաբանվել են շվեյցարական մամուլում եւ հեռուստատեսությամբ:

Նշենք, որ Ֆրիբուրգի կինոփառատոնը հանրաճանաչ մշակութային միջոցառում է, որին պատակներից մեկն է աշխարհի տարբեր մշակույթների ներկայացումը: