Մարտի 27-ին ժամը 16.00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակում կազմակերպված «Ֆիլմ + H20» կինո- մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Բացման ելույթով հանդես կգան Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը եւ ԱրմենՏել ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) ներկայացուցիչ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի, ԱՊՀ երկրներում Հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արտյոմ Մինաեւը:
«Ֆիլմ + H20» կինո-մրցույթի հաղթանակած ռեժիսորը կմեկնի Միացյալ Թագավորություն` մասնակցելու Sheffield Doc/Fest 2013 ամենամյա փառատոնին, ուր հնարավորություն կունենա հետեւելու փառատոնի ծրագրին եւ անգլիացի ռեժիսորների հետ քննարկելու համագործակցության հնարավորությունները: 1994 թվականից ի վեր անցկացվող փառատոնը միայն ֆիլմերի ցուցադրման վայր չէ, այլ կրթական եւ համագործակցային հնարավորությունների ստեղծման միջազգային հարթակ:
«Ֆիլմ + H20» մրցույթին հայ ռեժիսորների ներկայացրած աշխատանքներից նախնապես ընտրվել էր ինը կարճամետրաժ ֆիլմ: Կինո-մրցույթը հայտարարվել էր ամիսներ առաջ եւ նվիրված էր Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի` «Ջրային համագործակցության» թեմային: Մրցույթի նպատակն էր ֆիլմերի միջոցով բարձրաձայնել հասարակությունում առկա ջրի հետ կապված խնդիրներն ու մտահոգությունները:
«Հայ ռեժիսորների աշխատանքները ներկայացնում են ջրի սակավության արդյունքում առաջացած խնդիրները, դրանց լուծման իրենց տեսլականն ու մոտեցումները: Խնդրի բացահայտման ռեժիսորների նախընտրած ուղղություններն էլ են տարբեր` պարզ, մարդկային պատմություններից մինչեւ փոխաբերություն»,-նշեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:
«Փառատոնի էկոլոգիական թեման համահունչ է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի սոցիալական ռազմավարությանը: Բջջային կապի ծառայությունների ընկալումն ինքնին ենթադրում է հոգատար վերաբերմունք բնական պաշարների հանդեպ: Beeline ծառայությունների շնորհիվ մենք հնարավորություն ունենք օտագործել քիչ քանակությամբ թուղթ, թանաք, քիչ երթեւեկել տրանսպորտով` չաղտոտելով շրջակա միջավայրը, եւ այդ ամենի հետ մեկտեղ ստանալ ավելի շատ շփում եւ դրական էմոցիաներ: Ունենալով նման առաջարկներ, մենք ցանկանում ենք լինել օգտագար հասարակությանը եւ այդ իսկ պատճառով որոշեցինք աջակցել Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի անցկացմանը, որն ուղղված է ոչ միայն մշակույթների սերտացմանը, այլ նաեւ մեծապես աջակցում է շրջակա միջավայրի պահպանմանը»,- նշել է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի, ԱՊՀ երկրներում Հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Արտյոմ Մինաեւը:
Բացի առաջին մրցանակակրից, ով կարժանանա գլխավոր մրցանակին, այն է` այցելություն Sheffield Doc/Fest 2013 փառատոն, մրցույթի հայ-բրիտանական հեղինակավոր ժյուրին ընտրել է նաեւ երկրորդ եւ երրորդ տեղի հաղթողներին: Իսկ ԱրմենՏել ՓԲԸ-ն կպարգեւատրի «YouTube Winner» անվանակարգի հաղթողին: Այս անվանակարգի հաղթողը պետք է հավաքեր առավելագույն քանակությամբ հավանություն` britfilms.am կայքում կազմակերպված քվեարկության արդյունքում:
«Ֆիլմ + H20» մրցույթին ներկայացված ֆիլմերը հնարավոր է դիտել Բրիտանական խորհրդի Յութուբյան էջում
http://www.youtube.com/BCArmenia եւ www.britfilms.am կայքում:




























