Բրիտանական մամուլը շարունակում է մանրամասներ հրապարակել ռուսաստանցի օլիգարխ Բորիս Բերեզովսկիի մահվան մասին եւ տարատեսակ վարկածներ ներկայացնել:

Նիկոլայ Գլուշկովը՝ «Աերոֆլոտի» գլխավոր տնօրենի նախկին տեղակալը եւ Բորիս Բերեզովսկիի մտերիմ ընկերը, վկայակոչելով Բերեզովսկիի նախկին կնոջը՝ Գալինային, Guardian-ին պատմել է, որ Բերեզովսկիի պարանոցին «խեղդելու հետքեր» կային: Հիշեցնենք, ավելի վաղ հենց նա էր հայտնել հանգուցյալի մարմնի մոտ գտնված շարֆի մասին: Guardian-ը հայտնում է, որ ոստիկանությունն արդեն հարցաքննել է գործարարի նախկին կնոջն ու ընտանիքի անդամներին:

 Բերեզովսկիի մեկ այլ մտերիմ ընկեր Յուլի Դուբովը պատմել է, թե ինչպես է մինչեւ Լոնդոն տարել գործարարի մարմինը հայտնաբերած թիկնապահին եւ հանգամանորեն հարցաքննել կատարվածի մասին:

Նախօրեին բրիտանական մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ թիկնապահը նախկինում արտասահմանյան լեգեոնում էր ծառայել: Սակայն այժմ թերթերը գրում են, որ նա, որոշ տվյալներով, Մոսսադի համար է աշխատել, հայտնում է BBC-ի մամուլի ծառայությունը: «Թիկնապահը լավ պարապած էր: Նա փակել էր լոգարանի դուռը եւ այլեւս չէր մոտեցել մարմնին: Իմացել էր, թե ինչ է կարելի եւ ինչ չի կարելի անել հանցանքի վայրում», - Guardian-ին պատմել է Դուբովը:

Տղամարդը կոտրել է լոգարանի դուռը, որտեղ հատակին հայտնաբերել է մահացած օլիգարխին՝ հագուստով: Թիկնապահն անմիջապես կանչել է ֆելդշերին, որն էլ հաստատել է գործարարի մահը: Քիչ հետո առանձնատուն է եկել հանգուցյալի ընկեր Յուլի Դուբովը, որը երկար զրուցել է թիկնապահի հետ, հայտնում է rbc-ն:  Բրիտանական թերթը հատկապես նշում է, որ  մինչեւ մահը Բորիս Բերեզովսկին առանց թիկնապահների է մնացել առնվազն հինգ ժամ: Դիտարկելով ինքնասպանության վարկածը՝ Daily Telegraph-ն ուշադրություն է դարձնում եւս մեկ մանրուքի վրա. «Նա մահվանից առաջ գրություն չի թողել»:

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» մեջբերում է կատարում  The Sun թերթից, որը նշել է օլիգարխի մահվան չորս հավանական վարկած: Առաջին. Կրեմլի սուր քննադատը  սպանվել էր ռուսական հատուկ ծառայությունների կոմից: Այդ առումով, բնականաբար, հիշում են ԱԴԾ-ի նախկին սպա Լիտվինենկոյի մահը, որին թունավորել էին Լոնդոնում: Երկրորդ. Բերեզովսկին սպանվել է բրիտանական հատուկ ծառայությունների կողմից: Երրորդ. ինքնասպանություն՝ գումարի հետ կապված խնդիրների պատճառով: The Sun-ի չորրորդ վարկածը կարելի է արդեն բացառել՝ ոստիկանության եզրահանգումներից հետո դժվար թե արժե դիտարկել բնական մահվան հնարավորությունը: 

Daily Telegraph-ը նշում է, որ նախագահ Պուտինի խորհրդական Սերգեյ Մարկովը կարծում է, թե Բերեզովսկիին կարող էին սպանել բրիտանական հատուկ ծառայությունները, «որպեսզի նրան հնարավորություն չտային պետական գաղտնիքները հայտնել ռուսական հատուկ ծառայություններին»:

Հիշեցնենք, որ ըստ բրիտանական պաթոլոգոանատոմների պաշտոնական եզրակացության՝ Բերեզովսկին վախճանվել է շնչահեղձությունից: Քանի որ մահացածի մարմնինբռնության հետքեր չեն հայտնաբերել, փորձագետները կարծում են, որ նա կախվել է: Մինչդեռ ՆՏՎ-ն ուշադրություն է դարձրել ոստիկանության եւ դիահերձումն իրականացրած փորձագետների հաղորդագրությունների անհամապատասխանությանը՝ Բերեզովսկիի մարմինը կախված չի հայտնաբերվել, այլ՝ հատակին: