Որքան էլ տարօրինակ է, Ադրբեջանը, որը մինչ օրս դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից եւ ցանկանալով փոխել ԼՂ խնդրով զբաղվող միջնորդներին, ներկայումս փոխել է իր մարտավարությունը եւ հայտարարում է, որ Բաքուն հավանություն է տալիս Մադրիդյան նորացված սկզբունքներին: Ադրբեջանը դրանով հասկացնել է տալիս, որ պաշտպանում է համանախագահների գործունեությունը: Փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել Հայ ազգային կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանը:
Նրա խոսքով, ներկայումս Մինսկի խմբին զուգահեռ նոր միջնորդական ձեւաչափ ստեղծելու հարցում շահագրգռված է Ռուսաստանը, որը ցանկանում է դրանով արգելակել բանակցությունները: Ընդ որում, ըստ Շահնազարյանի, այդ հարցում Ռուսաստանին աջակցում են Իրանն ու Ղազախստանը: «Պատահական չէ, որ ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը իր տարածաշրջան այցելության շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին է փոխանցել ԼՂ խնդրի լուծման վերաբերյալ իր երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջարկները»,- նշեց ընդդիմադիր գործիչը:
Միաժամանակ նա ընդգծեց, որ ԼՂ բանակցային գործընթացը փաստացի կախված չէ հակամարտող կողմերից, որոնք, ըստ էության, շահագրգռված չեն դրա լուծմամբ: «ԼՂ բանակցային գործընթացում ամեն բան պետք է դիտարկել Վաշինգթոն-Մոսկվա հարաբերությունների պրիզմայի միջով, որոնք վերջին շրջանում նկատելիորեն բարդացել են: Բանակցային գործընթացում որոշում կայացնելու են հենց Մոսկվան ու Վաշինգթոնը եւ նրանք երկար սպասեցնել չեն տա, եւ մոտ ապագայում այդ գործընթացում հստակություն կմտնի»,- հայտարարել է Շահնազարյանը: Նրա կանխատեսմամբ, բոլոր պրոցեսները վկայում են այն մասին, որ հայկական կողմը ստիպված է գնալու միակողմանի զիջումների: «Ղարաբաղյան գործընթացում Հայաստանը հանդիսանում է ոչ թե սուբյեկտ, այլ` օբյեկտ, որից ոչինչ կախված չէ»,- նկատել է ՀԱԿ-ի անդամը:
Անդրադառնալով ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանը՝ նա նշել է, որ նման զարգացման հավանականությունը մեծ չէ, սակայն նաեւ չի բացառել, որ մոտ ապագայում իրավիճակը կարող է փոխվել:




























