Մարտի 1-ին նախատեսված է ընդդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած համահանրապետական հանրահավաքը: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հանրահավաքին ելույթ են ունենալու Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը, առաջնորդները, եւ ծավալուն ելույթով հանդես կգա նաեւ Տեր-Պետրոսյանը:

Հարցին, արդյո՞ք նոր բացահայտումներ կլինեն հանրահավաքի ընթացքում, որը կայանալու է 2008թ. մարտի 1-ի տարելիցին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ հանրահավաքի ժամանակ պատասխաններ կտրվեն նման հարցումներին, եւ կներկայացվեն մեր գործունեության առաջիկա քայլերը, ծրագիրը»:

Կարապետյանը չբացառեց նաեւ մարտի 1-ից հետո ընդդիմության հանրահավաքային գործունեության հնարավոր ակտիվացումը: «Որեւէ բան բացառել չեմ ուզում: Մեր հանրահավաքներն ինքնանպատակ չեն: Շատ տրամաբանական է, որ մենք ցանկանում ենք ներկայացնել մեր մոտեցումները հենց մարտի 1-ին, տեղեկացնել կրկին, որ 10 զոհերի մահվան հանգամանքները մնացել են անորոշ, պետական կառույցները չեն բացահայտել սպանությունները, ինչը ողջամիտ կասկածներ է հարուցում, որ դրա հետեւում կանգնած են իշխանությունները»,- արձանագրեց ՀԱԿ ներկայացուցիչը եւ հավելեց. «Մեր առաջիկա քայլերը պայմանավորված են լինելու ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումներով, եւ ՀԱԿ-ը արձագանքելու է Հայաստանին վերաբերող բոլոր հարցերի կապակցությամբ, այդ թվում՝ հանարահավաքների ձեւով»: