NEWS.am-ը ներկայացնում է «The Huffington Post»-ում հրապարկված` Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ինստիտուտի եւ խաղաղության հաստատման ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսի հոդվածը որոշալի կրճատումներով.
Հայաստանն ու Թուրքիան բաց թողեցին հարաբերությունները կարգավորելու պատմական պահը, երբ Թուրքիան հրաժարվեց վավերացնել 2009թ. հոկտմբերի 10-ին ստորագրված երկկողմ արձանագրությունները: Մերձեցման փոխարեն հիմա հայերն արդեն ամբողջությամբ մոբիլիզացրել են ուժերը ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի միջոցառումների կազմակերպման վրա: Հայաստանը երբեք չի զոհի Հայոց ցեղասպանության միջազգային ճանչման հարցը հանուն թուրքերի հետ անդրսահմանային համագործակցության:
Սակայն երկու երկրների միջեւ հնարավոր է բիզնեսի մեծ ծավալ ունենալ: Հայաստանը կարող է էլեկտրաէներգիա վաճառել Թուրքիային, ինչպես նաեւ կարող է միանալ Թուրքիայի նորագույն օպտիկամանրաթելային մալուխին` ինտերնետի աճող պահնաջարկը բավարարելու համար: Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցությունը կարող է վերականգնվել, եթե Թուրքիան բացի դարպասները սահմանի վրա: Բացի այդ, հնարավոր է ստեղծել արդյունաբերական գոտի (QIZ)` համատեղ ձեռնարկութունների ակտիվացման նպատակով:
Ներկայումս հայ եւ թուրք պաշտոնյաների միջեւ շփումներ չկան: Թեեւ հայ-թուրքական արձանագրությունները «պատմական հարթությունում երկխոսության» կոչ էին անում, հայերը հրաժարվեցին, երբ Թուրքիան պահանջեց, որ հանձնաժողովը պետք է որոշի, արդյոք 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն են, թե ոչ:
Փոխանակ պատմությունը վերաշարադրելուն` վարչապետ Ռեջեբ Էրդողանը կարող է պատմություն կերտել` սահմանը բացելու եւ փոխադրումներն ու առեւտուրը կարգավորելու մասին վարչական կարգադրության միջոցով` որպես դիվանագիտական հարաբերություններին ուղղված քայլ: Եթե նա համարձակ լինի, կարող է անգամ արձանագրությունները վավերացման ներկայացնել խորհրդարան` անձնապես հավանության արժանացնելով դրանք:
Նա նաեւ կարող է կոչ անել Թուրքիայի խորհրդարանին վերացնել Քրեական օրենսգրքի 301 –րդ հոդվածը, որը «թուրքական ինքնությունը վիրավորելու համար» պատիժ է սահմանում: Հետադիմական օրենքի չեղյալ համարումը թուրքերին ավելի ազատ կդարձնի, ինչպես նաեւ կնպաստի Թուրքիայի ԵՄ ձգտմանը:
Կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը խաթարում է Թուրքիայի բարոյական հեղինակությունը: Ապրիլի 24-ի հիշատակի օրը Էրդողանը պետք է ներողություն խնդրի հայերից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածի համար: Հայաստանի հետ հաշտեցումը կնպաստի Թուրքիայի` որպես տարածաշրջանային գերտերության, դերի ամրապնդմանը:




























