Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Քուվեյթի ազգային լրատվական գործակալության նախագահ, գլխավոր կառավարիչ Շեյխ Մուբարաք Դուայիջ Ալ Իբրահիմ ալ Սաբահին, ով Հայաստան է ժամանել «Արմենպրես» լրատվական գործակալության հրավերով:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը կարեւորել է Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ հարաբերությունների հետագա խորացումն ու ընդլայնումը: Հիշեցնելով, որ գալիք տարի երկու երկրները նշելու են  դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը՝  Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-քուվեյթյան հարաբերություններին նոր թափ է հաղորդել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցը Քուվեյթ, ինչպես նաեւ նախորդ տարի կայացած երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստերը:

«Ուրախ ենք, որ մեր երկու երկրների ազգային գործակալությունների միջեւ եւս ամրապնդվում եւ խորացվում են կապերը: Մենք դրանում խիստ շահագրգռված ենք, մանավանդ, որ 95 տարվա պատմություն ունեցող «Արմենպրես»-ը մշտապես ստանում է պետության աջակցությունը: Մենք ողջունում ենք երկու գործակալությունների միջեւ ստորագրվելիք համագործակցության հուշագիրը եւ հայտնում մեր աջակցությունը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ լրատվական գործակալությունները կարող են էապես օգնել երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում, քանի որ լրատվական հոսքերի շնորհիվ հնարավոր կլինի ավելի լավ պատկերացում կազմել տեղի ունեցող գործընթացների մասին, ինչպես նաեւ բացահայտել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նախագծերն ու ծրագրերը:

Շեյխ Մուբարաք Դուայիջ Ալ Իբրահիմ Ալ Սաբահին վստահություն է հայտնել, որ հայ-քուվեյթյան հարաբերություններն առաջիկայում եւս առաջ կշարժվեն՝ նաեւ լրատվական ասպարեզում կապերի զարգացմամբ:

Քուվեյթի ազգային լրատվական գործակալության նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար, եւ Տիգրան Սարգսյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները: