Արթուր Սարգսյանն ու Արթուր Մարգարյանը ցնցել են Մալդիվներն ու անգամ դարձել խորհրդարանի քննարկման թեման ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ:

Որոշ պատգամավորներ նշել են, թե «եղբայրները» սպառնալիք են ներկայացնում Մալդիվների ազգային անվտանգությանը: Պատգամավորները վստահ են, որ անհրաժեշտ է հետաքննել, թե ինչպես եւ ում օգնությամբ են նրանք հայտնվել Մալդիվներում: Ընդդիմությունը վստահ է, որ նրանց օգնել են իշխանությունները, վերջիններս էլ պնդում են, որ «եղբայրները» Մալդիվներ են եկել նախորդ նախագահի օրոք, գրում է haveeru.com-ը:

Ներգաղթի վարչությունում հայտարարել են, թե Արթուր Սարգսյանը կիրակի լքել է Մալդվիները, իսկ Մարգարյանը դեռ երկրում է:

Կայքի տվյալներով, նրանք Մալդիվներում հոկտեմբերին «Artur Brothers World Connections» անվանումով ընկերություն են հիմնել: Ընկերության գործունեությունը բազմազան է` զվարճանքներ, անշարժ գույք, անվտանգություն, կազինո, աբվտոմեքենաների վաճառք, հյուրանոցների բիզնես եւ այլն: Կայքի տվյալներով` «եղբայրները» Մալդիվներում ներդրումներով զբաղվում են հոկտեմբերից:

Եղբայրներին լուսանկարել են ավտոարշավի ժամանակ զբոսաշրջության նախարար Ահմեդ Ադեեբի եւ պաշտպանության նախարար Մոհամեդ Նազիմի հետ:

Ներգաղթի վարչության աղբյուրները հաստատել են, որ Արթուրները բնակվում են մայրաքաղաքից ոչ հեռու: Հրապարակման հայտնվելուց հետո երկու նախարարն էլ հերքել են, թե ծանոթ են նրանց հետ:

Նախկինում «Արթուր եղբայրները» մեղսակից են եղել Քենիայում ծագած թմրասկանդալին: Սակայն տարօրինակ ձեւով նրանց հաջողվել է հեռանալ երկրից: Որոշ տվյալներով, նրանք լուրջ կապեր ունեին Քենիայի կառավարության ազդեցիկ պաշտոնյաների հետ: