Մեծ Բրիտանիայի աշխատանքի եւ կենսաթոշակային հարցերի նախարար Յան Դունկան Սմիթն անհարմար դրության մեջ է  հայտնվել: Օրերս ռադիո  BBC-ի եթերում նա հայտարարել էր, որ կարող է ապրել օրական յոթ ֆունտով: Ընդ որում՝ Դունկանը 50 անգամ ավելի է վաստակում: Նախարարը պատասխան կտա իր խոսքերի համար, հայտնում է Independent-ը:

Տարեկան 134 565 ֆունտ վաստակող Սմիթը ասել է, որ կարող  է շաբաթը 53 ֆունտով ապրել, երբ զանգահարած 51-ամյա բրիտանացի Դեւիդ Բեննեթը բողոքել է իր եկամուտներից:

Տղամարդը պատմել է, որ նույնիսկ հաշվի առնելով ունեցած արտոնությունները, բոլոր հարկերի վճարումից հետո իր գրպանում մնում է միայն  50 ֆունտից քիչ ավելի: Այդպիսով, Բենեթի ամսական եկամուտը 200 ֆունտ է (300 դոլար): Սակայն պաշտոնյան հայտարարել է, որ այդ գումարը միանգամայն բավարար է սովից չմեռնելու համար այն երկրում, որի կառավարության անդամ է ինքը, հաղորդում է Vesti.ru-ն:

Նախարարի այդ խոսքերը խիստ զայրացրել են հանրությանը, հաշվի առնելով, որ Յան Սմիթը կողմ է բոլոր տեսակի սուբսիդիաների կրճատմանը՝ դա արդարացնելով Բրիտանիայում տիրող «տնտեսական քաոսով»: Ըստ պաշտոնյայի՝ տվյալ փոփոխություններն անհրաժեշտ են համակարգի վերափոխման համար, որպեսզի «դրա աշխատանքն ավելի արդարացի դարձնեն բոլորի համար»: Սմիթի՝ նվազագույն աշխատավարձով ապրել կարողանալու արտահայտության վրա արդեն հասցրել են ծիծաղել բրիտանական բոլոր խոշոր հրատարակչությունների լրագրողները: Չի բացառվում, որ այդ անզգույշ արտահայտությունն ազդի պաշտոնյայի կարիերայի վրա: Ինչեւէ, Սմիթը շարունակում է պնդել իրենը: Նա ասում է, որ արտոնությունների կրճատումը մոտ ժամանակներս կշարունակվի: