«Ամեն ինչ ունի իր ժամանակը: Ես չեմ գտնում, որ ոստիկանապետ դառնալու արժանիքներ չունեմ, բայց երկրի նախագահը արժանի է համարել ներկայիս ոստիկանապետին»,- փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը՝ մեկնաբանելով մամուլում հայտնված տեղեկությունները, թե Ալիկ Սարգսյանին պաշտոնանկ են անելու, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնը զբաղեցնելու է Ներսես Նազարյանը:
«Թերթերում ամեն օր կարդում ենք այդ փոփոխությունների մասին: Յուրաքանչյուր բաժանմունքի պետ ցանկանում է բաժնի պետ դառնալ, բաժնի պետը՝ միլպետ, միլպետն էլ՝ նախարար: Դա վատ ցանկություն չէ»,- նշել է Նազարյանն ու հավելել. «Բայց դրա կարիքը պետք է լինի: Եթե նախարարը վատ է աշխատում, կարելի է խոսել փոփոխությունների մասին, սակայն այսօր, փառք Աստծո…»:
Ի դեպ, իր ցանկությունների մասին երկարաշունչ դասախոսություն կարդալուց հետո էլ Երեւանի ոստիկանապետը չհերքեց իր՝ Հայաստանի ոստիկանապետ դառնալու հնարավորության մասին՝ միայն նշեց. «Բարոյապես նորմալ չէ նման բաների մասին խոսելը»:




























