Նիկոսիայում միանգամից երկու հանձնաժողովներ հետաքննում են բանկային մեքենայություններն ու նախագահի դերն ինսայդերական տեղեկատվության փոխանցման գործում, հաղորդում է Deutsche Welle-ն:
Պարբերականի տվյալներով, Նիկոսիայում աշխատանքն է սկսել հատուկ հանձնաժողովը, որ ստեղծվել է Կիպրոսի դատախազ Պետրոս Կլիրիդիսի հրահանգով: Նրա խնդիրն է` ստուգել լրատվամիջոցներում հայտնված անձանց ցանկը, որոնք իբր մեղսակից են լայնածավա; ֆինանսական մեքենայություններին, եւ երեք ամսից կներկայացնի համապատասխան զեկույցը:
Նման ցանկերից մեկը գլխավոր դատախազությանը փոխանցել են 24h.com.cy կայքի լրագրողները: Նրանք պնդում են, որ կիպրացի հայտնի մի շարք գործիչներ եւ ձեռնարկատերեր անձնական կապերի շնորհիվ տուժած երկու բանկերից բազմամիլիոնանոց վարկեր են ստացել, որոնք միայն մասնակի են սպասարկել կամ չեն վճարել:
Ցանկում հայտնված անձանցից շատերը նշել են, թե լրագրողները «աղավաղում են իրականությունը» եւ անգամ կեղծել են փաստաթղթերը` սպառնալով պատասխան իրավական միջոցներով: Գլխավոր դատախազը չի բացառել, որ այլ անուններ եւս հայտնվեն:



























