Արժույթի միջազգային հիմնադրամը մտադիր է Կիպրոսին մեկ միլիարդ եվրո վարկ տրամադրել՝ կղզու իշխանությունների եւ ԵՄ-ի միջեւ Կիպրոսի բանկային համակարգը փրկելու ծրագրի համաձայնության շրջանակում, ըստ որի՝ կիպրոսցիներին պետք է տրամադրեն  10 միլիարդ եվրո: Այդ մասին այսօր հայտնել է ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդն այդ հարցով որոշում կկայացնի մայիսի սկզբին», - ասված է Փարիզում Լագարդի տարածած հաղորդագրության մեջ:

Կիպրոսն ավարտել է տնտեսական բարեփոխման հուշագրի վերաբերյալ բանակցությունները միջազգային վարկատուների հետ՝ երկու տարով (2016-2018թթ.) ապահովելով երկրի պետական բյուջեի 4 տոկոս ՀՆԱ-ի հավելուրդի երկարաձգումը:  Խիստ միջոցների փոխարեն Նիկոսիան մայիսին  կստանա վարկային օգնության առաջին փոխանցումը, որի ընդհանուր ծավալը կկազմի 10 միլիարդ եվրո: 10 տարի անց Կիպրոսը պետք է սկսի վերադարձնել պարտքերը, որը նրան տրամադրվում է տարեկան  2,5-2,7 տոկոսով, եւ բոլոր վճարումներն ավարտի 22 տարվա ընթացքում: